Դատավորներն ու դատախազների թեկնածուները դիպլոմներ ստացան
Դեկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին: Հանդիսությանը ներկա էին դատական իշխանության, դատախազության, արդարադատության նախարարության, փաստաբանական համայնքի ղեկավարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Ակադեմիայի դասախոսներ, հյուրեր: Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը շնորհավորեց և դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի առաջին շրջանավարտներին՝ դատավորների և դատախազների թեկնածուներին: Այս տարի Արդարադատության ակադեմիայում 8.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 20 անձ, որից 11-ը՝ քաղաքացիական, 8-ը՝ քրեական, 1-ը՝ վարչական մասնագիտացմամբ, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 15 անձ, որոնցից ուսուցումն ավարտել են 11-ը: Ուսուցումն իրականացվել է 2014թ. մարտի 17-ից նոյեմբերի 28-ը՝ հինգ հատվածով: Ուսումնառության ժամկետի տևողությունը կազմել է 1010 ակադեմիական ժամ, որից 450 ժամը դասընթացներն էին, 60 ժամը` քննաշրջանը, 480 ժամը` փորձաշրջանը, 20 ժամը` հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ժամաքանակը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ունկնդիրները մասնագիտական պատրաստման շրջանակում 30 քննություն են հանձնել, անցել բավական դժվար ճանապարհ, իսկ դժվարություններով ձեռքբերածն ավելի արժեքավոր է լինում: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով Ակադեմիայի առաջին շրջանավարտներին, հույս հայտնեց, որ դատական իշխանություն մուտք գործող մասնագետները կնպաստեն անկախ դատական համակարգի կայացմանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ով ղեկավարում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը, առանձնահատուկ ընդգծեց ապագա դատավորների և դատախազների՝ պետության անունից մարդկանց ճակատագրեր որոշելու կարևորագույն առաքելությունը, ինչը դառնալու է նրանց ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասը: Շնորհավորելով Ակադեմիայի շրջանավարտներին՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ընդգծեց՝ Ակադեմիայի առաջին տարվա գործունեությունը վկայում է, որ դատավորների և դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը մեկ միասնական կառույցում անցկացնելու գաղափարն արդարացված է: Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներն իրենց խոսքում վստահեցրին, որ ակադեմիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները թույլ կտան բարձր պահել դատական իշխանության և դատախազության հեղինակությունը և արդյունավետ իրականացնել իրենց լիազորությունները: Տեղեկացնենք, որ ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Արդարադատության ակադեմիայի մասին ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնարար նպատակներից են արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովումն ու դատախազության գործունեության արդյունավետության բարձրացումը: Դրանց կենսագործմանն ուղղված քայլերից է նաև Արդարադատության ակադեմիայի հիմնադրումը: Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013թ. մայիսին ընդունվել է առանձին օրենք: Արդարադատության ակադեմիան իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից: Ակադեմիայում ուսումնական գործընթացը մեկնարկել է մարտի 17-ից՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստմամբ: