ՀՀԿ-ն անցկացրեց վարկային պայմանագրերը. Զ. Փոստանջյանը վերահսկում է (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում այսօր քննարկվում է Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնելիս, այսպես կոչված, «օդի 10 հազար դրամ հարկը» հանելու հարցը: Պատգամավորները դա համարեցին խտրական մոտեցում, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում այդ գումարի վճարումը պահպանվում է: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը դա չհամարեց խտրական վերաբերմունք: Պատճառաբանությունը հետեւյալն էր՝ եթե մարդը ցանկանում է հարմարավետ պայմաններով, սակայն բարձր գներով թռիչք կատարել, կարող նախընտրել «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ եթե մի փոքր անհարմար, սակայն ցածր գներով, ապա՝ «Գյումրիի» օդանավակայանից: Ի դեպ, ԱԺ նիստերի դահլիճում այսօր, բացի ՀՀԿ պատգամավորներից, ներկա էին նաեւ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ՀՅԴ խմբակցությունն ամբողջական կազմով, ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա ներկայությունը նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, թե բոյկոտից դուրս է եկել փաստորեն: «Եկել եմ ձեզ վերահսկելու»,- արձագանքեց տիկին Փոստանջյանը: ԱԺ-ն այսօր ՀՀԿ պատգամավորների ձայների շնորհիվ անցկացրեց միջազգային 7 վարկային համաձայնագրերը: Այս անգամ եւս ՀՀԿ պատգամավորներ Վահրամ Մկրտչյանն ու Մուրադ Մուրադյանը քվեարկեցին իրենց բացակա գործընկերների փոխարեն: