Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն սպորտի բնագավառում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ղազախստանի սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի հարցերով կոմիտեի նախագահ Իլսիյար Կանագատովի հետ Ալմաթիում ստորագրել է Հուշագիր: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, համաձայն այդ Հուշագրի, երկու երկրների միջեւ պարբերաբար կիրականացվեն կրթարանների մարզիչ-մանկավարժների եւ մարզական քոլեջների սաների փոխայցելություններ` փորձի փոխանակման նպատակով: Գաբրիել Ղազարյանն այցելել է Ալմաթիում տեղակայված մարզաբազաներ, եղել Օլիմպիական հերթափոխի պատրաստման քոլեջներում, ծանոթացել դրանց մարզումային պայմաններին: Աշխատանքային այցի վերջում նախարարը Ղազախստանի իր գործընկեր Իլսիյար Կանագատովին հրավիրել է գարնանը փոխադարձ այցելություն կատարել Երեւան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ Համաձայնագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ: