Շախմատային մրցաշար 7 տարի անց
ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը Հայաստանի Շախմատի ակադեմիայի հետ համատեղ դեկտեմբերի 13-23-ը կանցնացնի շախմատի մրցաշար ծրագրավորման կազմակերպությունների միջեւ: Թեև առաջին մրցաշարից անցել է 7 տարի, կազմակերպությունը կարեւորելով շախմատի դերը եւ գնահատելով հայ ծրագրավորողների ճկուն միտքը, նախաձեռնել է կրկին կազմակերպել նման մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն տասից ավելի ծրագրավորման ընկերություններ: Ընդհանուր առմամբ տեղի է ունենալու երեք խաղ, որոնցից երկուսը (դեկտեմբերի 13-ին եւ 20-ին) կկայանան Հայաստանի Շախմատի ակադեմիայում, իսկ եզրափակիչ խաղը` «Սիներջի Բիզնես» կենտրոնում (դեկտեմբերի 23-ին), որտեղ եւ տեղի կունենա մրցանակների հանձնման արարողությունը: Կազմակերպիչները մասնակիցների համար նախատեսել են եւս մեկ անակնկալ. մրցանակաբաշխության ժամանակ մրցաշարի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել հայ անվանի գրոսմայստերի հետ, ով նրանց հետ նաեւ միաժամանակյա սեանս կանցկացնի: