«Ռուսաստանում կնվազի սեզոնային հայ միգրանտների պահանջարկը» (տեսանյութ)
«Սեզոնային միգրանտների հոսքը Ռուսաստան նվազելու է»,- համոզված է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները իրենց անուղղակի ազդեցությունը կունենան նաև այնտեղ աշխատող հայերի վրա. «Մեր հայրենակիցների մոտ 60 տոկոսը Ռուսաստանում զբաղվում է շինարարությամբ, ու եթե շարունակվեն սանկցիաները Ռուսաստանի դեմ, բնականաբար այնտեղ կկրճատվեն շինարարությանը տրամադրվող միջոցները, կփոքրանա աշխատանքի առաջարկը և կպակասի միգրանտների պահանջարկը»,-մեկնաբանում է նա։ Ժողովրդագրի տվյալներով՝ միգրանտների մուտքի հետ կապված այս տարվա փոփոխությունների արդյունքում, անցած տարվա համեմատ մոտ 200 հազար սեզոնային միգրանտ չի կարողացել մուտք գործել Ռուսաստան։ Պարոն Եգանյանը դժվարանում է կանխատեսել սեզոնային միգրանտների ճակատագիրը Հայաստանում.« Եթե Ռուսաստան չկարողացան գնալ, կամ այնտեղ աշխատանք չունեցան, նրանց համար դժվար կլինի, քանի որ այլընտրանք չկա։ Եթե մեր պետությունը չի կարողանում աշխատատեղեր ստեղծել, գոնե մասնավոր ձեռնարկությունները կարողանան աշխատանք ապահովել նրանց մի մասի համար»։