«Ոչ մի սեփական քայլ չենք անում, կազինոյի մեր խաղերով ենք զբաղվում» (տեսանյութ)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այսօր աշխարհը Տիտանիկ է հիշեցնում, որտեղ «ընտրանին» էլիտսրահում հավաքված՝ իր զբաղմունքներով է զբաղված, իր խաղերն է խաղում, մինչդեռ նավը գնում է խորտակման: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում Ա. Մանուչարյանը հետեւյալ կարծիքին է. «Շատ լավ է, եթե բարեկամություն ես անում հարևանիդ հետ, բայց դա չպետք է լինի քո երկրի ներքին շահերի դեմ: Օրինակ, եթե տեսնում ենք, որ Վրաստանը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ, պետք է ասենք՝ Վրաստան, այս ինչ ես անում, ուշքի արի, դու մեզ պետք ես որպես Վրաստան, այլ ոչ թե որպես ասենք Շվեյցարիա: Այս ամենը թողած մենք մտածում ենք, թե ով է նստելու Բաղրամյան 26-ում: Մենք ոչ մի սեփական քաղաքական քայլ վերջին 10 -15 տարվա ընթացքում չենք կատարել, կազինոյի մեր խաղերով ենք զբաղվում, իսկ մեզ թելադրել են, մենք էլ ասել ենք ճիշտ այդպես և կատարել ենք հրամանը, քանզի «ընտրանին» պետք է անընդհատ գողություն կատարելու թույլտվություն ստանա»,-ասաց Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով. «Եթե դու ուղեղդ սահմանափակում ես միայն քաղաքականությամբ, ապա այսօր Հայաստանում քաղաքականություն չկա, պետք է ենթարկվես քեռիներին՝ ով ինչ կասի, այն էլ կանես»: Խոսելով նաև ներքաղաքական իրավիճակից «Ա1+» -ի հարցին ի պատասխան, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել ընդդիմության հետընտրական շրջանում այսչափ ակտիվացումը, բանախոսը ասաց. «Սա կարող է հանգեցնել միայն ժողովրդի համախմբմանը: Այդ ակտիվությունը թույլ կտա լավ հող պատրաստել՝ ի դեմս համախմբված ժողովրդի, եկող «ընտրանու» համար»: Աշոտ Մանուչարյանը նշեց նաև, որ ստեղծվել է «Հայաստան» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է երկիրը փրկել արտաքին ազդեցություններից ու վտանգներից, իսկ նախաձեռնության մեջ ներգրավված են երիտասարդներ, մտավորականներ, ինչպես նաև ազատամարտիկներ ու արտախորհրդարանական կուսակցության անդամներ: