«Հանրապետության բյուջեի կեսը «Նաիրիտը» կարող է ապահովել» (տեսանյութ)
«Գրել են աշխատողների կրճատում, սակայն նման հասկացություն չկա, կրճատում են հաստիքները, այլ ոչ թե աշխատակիցներին: Այսօր «Նաիրիտ»-ում աշխատակիցների հսկա թվից մնացել է ընդամենը 2100 աշխատող, բայց սրանցից էլ մնալու է միայն 500-ը, այսինքն՝ 1600 աշխատող էլ դեռ կրճատելու են, ինչը ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը՝խոսելով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների իրավունքների մասին: Բանախոսի համար տարօրինակ էր նաև այն հանգամանքը, որ հիմա ազատում են բոլոր աշխատակիցներին, որ հետո նորից ընդունեն, ինչը, սակայն, անիմաստ է: «Պետք է կրճատվեն միայն հաստիքները, ընդ որում պետք է հստակ գրված լինի ազատման իրավական հիմքը, իսկ աշխատանքից ազատման ծանուցագրերում, որոնք գալիս են աշխատողներին, հիմքը իսպառ բացակայում է»,-ասաց նա: Փիլիպոսյանի խոսքերով՝ աշխատողներին էլ դրա մասին տեղյակ են պահում միայն աշխատանքից ազատման օրը: «Անընդհատ խոսվում է, որ հանրապետությունում նոր աշխատատեղեր են ստեղծվում, բայց դա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ թե նոր աշխատատեղեր են ստեղծում, այլ հներն են վերաբացում»: « Հանրապետության բյուջեի կեսը հենց «Նաիրիտը» կարող է ստեղծել, եթե այն աշխատի իր նախկին ծավալներով, իշխանությունները կարող էին հույսները դնել «Նաիրիտի» վրա, որովհետև այն կարող էր պետբյուջե զգալի գումարներ բերել»: Խոսելով նաև աշխատավարձերը չտալու մասին, պարոն Փիլիպոսյանը վկայակոչեց աշխատանքային օրենսգիրքը, ըստ որի աշխատողին աշխատանքից ազատելու հենց նույն օրը պետք է նրան վերջնահաշվարկ տան, ինչպես նաև ներառի բոլոր այն արձակուրդների գումարը, որը նրան օրենքով հասանելի է, սակայն չեն տվել, և բոլոր այն պարտքերը, որոնք աշխատողը գործատուի պատճառով չի ստացել: Եթե նրանք խուսափում են այս ամենից, պետք է դատական կարգով ստանանք այդ ամենը: Կառավարությունը հնարավոր չէ այնքան միջոցներ չունենա, որ աշխատողների աշխատավարձերը գոնե չկարողանա վճարել»: Ըստ բանախոսի՝ առաջին հերթին պետք է պարզել, թե աշխատանքային պայմանագրի լուծարումը որքանով է համապատասխանում օրինականությանը, իսկ սրա հետ միասին աշխատողները դատարան դիմելու պարագայում միաժամանակ կարող են պահանջել նաև իրենց չվճարված աշխատավարձի և նաև պարապուրդի գումարները, որին նա ստիպված է եղել մատնվել հենց գործատուի պատճառով: