Սկանդալ ԱԺ-ում. Զարուհի Փոստանջյանը կոչ է անում բերման չենթարկվել (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը շոկային ազդեցություն թողեց պատգամավորների վրա: Ըստ նրա՝ ԵՏՄ միանալու պայմանագիրը ոչ թե ուղղակի տնտեսական համաձայնությունների փաստաթուղթ է, այլ իրականում ցույց է տալիս համաշխարհային քաղաքակրթությունների բախումը: Այնուհետեւ նա սկսեց ռուսերեն ընթերցել ռուս մտավորականի վերջին հարցազրույցից մի հատված, որտեղ սուր քննադատության է ենթարկվել ՌԴ ներկայիս քաղաքական եւ տնտեսական վիճակն ու վարվող քաղաքականությունը: Այդ ընթացքում ՀՀԿ որոշ պատգամավորներ սկսեցին լքել դահլիճը: «Մի հատ էլ անգլերեն հա՞»,- ռեպլիկ արեց ՀՀԿ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: «Ինչի՞, ռուսերեն չե՞ք հասկանում»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: «Լեզվի մասին» օրենքն ենք խախտում: Բանավեճը վերջացրեք: Եթե պիտի ռուսերեն խոսեիք, ասեիք՝ թարգմանիչ բերեինք»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այդ պահին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը սկսեց տեղից բղավել ու նկատողություն անել Զարուհի Փոստանջյանին: «Դուք մի բղավեք հա: Դուք որ այսպես շարունակեք, այս ամբիոնից մի օր էլ դուք եք ռուսերեն ելույթ ունենալու: Դուք գիտեք՝ ինչ է տեղի ունենալու մյուս տարվա հունվարի մեկից հետո: Խորհրդարանը չի գիտակցում՝ սա ուր է տանելու, սակայն բոլորս պետք է հասկանանք, որ սա մեզ ոչ մի տեղ չի տանում. հայ ժողովուրդը չունի իր ուրույն գաղափարը, ծրագիրը: Նույնիսկ իմ սիրելի դաշնակները, որոնք ունեն երկարամյա պատմություն, նույնիսկ նրանք չունեն ազգային ծրագիր: Այսօր Խրիմյան Հայրիկի կարգավիճակում ենք՝ երկաթյա շերեփը հանձնում ենք թղթի շերեփին, ու մենք մեր շերեփը կորցրինք հիմա: Ցավս այն է, որ ՀՅԴ-ն էլ է միացել այս ամենին: Հիմա շատ հուզիչ պահ է»,- կտրատվող, հուզված ձայնով հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ-ում մենք ընդամենը մի փոքրիկ վինտն ենք լինելու: Այնուհետեւ դիմելով ՀՀԿ պատգամավորներին՝ նա շարունակեց. «Որքան էլ ձեզ բերման ենթարկեն, մի եկեք քվեարկության, հիվանդացեք, մի ձեւ մի եկեք»: «Ինչ է նշանակում բերման ենթարկել, ձեզ կարգին պահեք»,- նրան արձագանքեցին ՀՀԿ պատգամավորներ Կարինե Պողոսյանն ու Շուշան Պետրոսյանը: «Այո, դուք չունեք ձեր ներքին խղճի հետ հաշտ լինելու հնարավորությունը, դուք պատվերի ներքո հրամաններ եք կատարում»,- հակադարձեց տիկին Փոստանջյանը: Նրա ելույթը ընդհատեց Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Հարգեք ձեր գործընկերների կարծիքը»: