Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեսպանը ով ա, որ ճնշում գործադրի ու հասնի այլանդակ ծրագրի իրագործմանը» (տեսանյութ)

Տնտեսություն
10324cbe95bf7e7ba450a641bfd35455

«Բնապահպանության նախարարությունը համաձայնել է Ամուլսարի շահագործմանը, ինչը խիստ անօրինական է»,-ահազանգում են բնապահպանները։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականցվում է ամենաբարձր հովանավորության տակ՝ Կառավարության, նախագահի և միգուցե նաև նախագահի եղբոր։ Այս համատեքստում նա անդրադարձավ նաև միջազգային մակարդակով ճնշումներին։ Բնապահպանի խոսքերով՝ տարիներ շարունակ անմիջական, անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի և նրա ամուսնու կողմից։ «Ով ա ինչ-որ մի հատ դեսպան, որ սենց ճնշումներ գործադրի ու հասնի էսպիսի այլանդակ ծրագրի։ Համաշխարհային բանկը և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկն էլ իրենց հերթին ֆինանսական ճնշումներ էին գործադրում»։ Արթուր Գրիգորյանը համոզված է, որ սա այնպիսի քաղաքական խնդիր է, որը առաջացնում է Կառավարության հրաժարականը պահանջելու հարց։ «Իմ գնահատմամբ՝ սա անմիջական, բարձրագույն կոռուպցիոն գործարք է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն թե՛ միջազգային կառույցները, որոնք ներգրավված են, և թե՛ Կառավարության տարբեր օղակները, հատկապես Բնապահպանության նախարարությունը, և պետք է լինի նաև դատական գործընթաց»։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ շարունակելով քննարկումն ասաց՝ սա հերթական ապացույցն էր այն բանի, որ Բնապահպանության նախարարությունը կայացնում է ոչ թե բնապահպանական, կամ էկոլոգիական որոշումներ, այլ քաղաքական՝ այնպիսիք, ինչպիսիք որ ձեռնտու են իրենց։ «Ոչ մի գնահատական չկա, թե ինչ վտանգներ են տեսել փորձագետները, որոնք ուսումնասիրել են հանքավայրի շահագործման խնդիրները։ Մեր Կառավարությունը ոչ մի վտանգ չի տեսնում, քանի որ մեր երկրի մասին չի մտածում։ Վտանգներն իրենք չեն տեսել և այնպես են անտեսել, կարծես թե շահագործելու են անապատում, որտեղ չկա բնակչություն և բուսականություն»,-կարծում է Լևոն Գալստյանը։ Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագիրը իրականացվում է «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից, իսկ բնապահպանները շեշտեցին, որ «Գեոթիմը» Գնդևազի գյուղացիներին խոշոր գումարներ է առաջարկում, որպեսզի վերջիններս վաճառեն իրենց հողատարածքները։ Ի դեպ, «Գեոթիմն» այսօր ներկայացրել է հանքավայրի շահագործման թույլտվության մասին տեղեկանքը, որ ներկայացնում ենք ստորեւ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Լիդիան ինթերնեյշնլի» հայաստանյան դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին հատկացրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը: Սա թույլտվությունների տրամադրման վերջին փուլն էր, որը ընկերությանը իրավունք է ընձեռում իրականացնել Ամուլսարի ծրագիրը Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան: Թույլտվությունը ներառում է. ա) ծրագրի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջարդիչ կայանը, փոխակրիչը, կույտային տարրալվացման հրապարակը, բ) հանքարդյունահանման թույլտվություն բացահանքերի համար, գ) գործունեության իրականացման տեղանքի սահմանումը, դ) ընդերքօգտագործման պայմանագիր, որը ընդգծում է հանքարդյունահանման բնույթը և տևողությունը: Հանքարդյունահանման թույլտվության տրամադրումը հետևել է թույլտվության համար դիմումների, խորհրդակցությունների և ուսումնասիրության գործընթացին: Լիդիանը ստացել է նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը Բնապահպանության նախարարությունից՝ ՀՀ Ընդերքի մասին և ՇՄԱԳ-ի մասին օրենքի շրջանակներում՝ փորձագիտական խմբերի կողմից ծրագրի ուսումնասիրության և հանրային քննարկումների հիման վրա: Զուգահեռաբար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Տեխնիկական անվտանգության ծրագիրը: «ՇՄԱԳ-ի և Տեխնիկական անվտանգության ծրագրի հաստատումը, ինչպես և այժմ արդեն հանքարդյունահանման թույլտվությունը, տրամադրվել են Հայաստանի կառավարության, շրջակա համայնքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ բազմակողմանի և ընդգրկուն աշխատանքի և համագործակցության արդյունքում»,- ասել է Լիդիան ինթերնեյշնլի գլխավող գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը,- «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս գործընթացին: Մենք ակնկալում ենք երկարատև գործընկերային հարաբերություններ Հայաստանում ծրագրի շինարարության և արդյունահանման ողջ ընթացքում: Լիդիանը նպատակ ունի ապահովել, որ Ամուլսարը դառնա օրինակելի հանքարդյունաբերական և ներդրումային ծրագիր, որը շահավետ կլինի թե՛ երկրի, թե՛ ներդրողների համար: Լիդիանը պատրաստակամ է կիրառել միջազգային լավագույն փորձը Ամուլսարում, համապատասխանելով Միջազգային ֆինանասական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բնապահպանական և սոցիալական չափանիշներին՝ ծրագրի իրականացման ողջ ընթացքում»: Գեոթիմ ՓԲԸ գլխավոր գործադր տնօրեն Հայկ Ալոյանը ասել է. «Ամուլսարի ծրագիրը 420 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է, որը երկրի և շրջակա համայնքների համար զգալի տնտեսական հնարավորություններ է բերելու: Այն կստեղծի մոտ 1500 աշխատատեղ շինարարության և ավելի քան 700 մշտական աշխատատեղ` ծրագրի իրականացման ավելի քան 10 տարիների ընթացքում: Ամուլսարը նաև հնարավորություն է՝ Հայաստանում համաշխարհային լավագույն փորձի համապատասխան, միջազգային բնապահպանական և սոցիալական կառավարմամբ հանքարդյունաբերական ծրագիր իրականացնելու, որից կշահեն թե՛ երկիրը, թե շրջակա համայնքները: Մենք վստահ ենք, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և լավ կառավարվող հանքարդյունաբերություն, որը կնպաստի երկրի քաղաքացիների բարեկեցությանը: Ակլնկալում ենք արդյունավետ համագործակցություն համայնքների, ինչպես նաև Հայաստանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ապահովելով, որ Ամուլսարի ծրագիրը երկրի համար շահեկան, արդյունավետ ներդրումային ծրագիր լինի»: