Սերգեյ Մովսեսյանը հավասարվեց Վլադիմիր Հակոբյանին
Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Քաթարի Masters Open միջազգային մրցաշարի գլխավոր մրցանակի համար: Այսօր կայացած 6-րդ տուրում հաջող հանդես եկան Սերգեյ Մովսեսյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Էլինա Դանիելյանը, որոնք հաղթեցին իրենց մրցակիցներին եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանն այս անգամ կիսեցին միավորները հակառակորդների հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը պարտվեցին եւ զիջեցին իրենց դիրքերը: Վեց տուրից հետո Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը վաստակել են 4-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 28-րդ եւ 33-րդ տեղերը: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Վասիֆ Դուրարբայլիի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սեւերով կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Հիշամ Հանդուչիի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նրանց միմիայն հաղթանակ է հարկավոր: