Կծածանվի՞ Հայոց եռագույնը Բաքվում (տեսանյութ)
Եվրոպական առաջին մարզական խաղերին հայերի մասնակցության պարագայում Բաքվում միջադեպ բացառել բացառվում է։ Խաղերն անց են կացվելու 2015թ. հունիսի 12-ից 28-ը։ « Խնդիրներ հաստատ կլինեն»,- ասում է Խաղաղության եւ պատերազմի լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական գրասենյակի տնօրեն Շահին Ռզաեւը «Ա1+»-ի «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի ժամանակ։ Ադրբեջանցի լրագրողը զարմանում է, որ Հայաստանում զարմանում են, որ Բաքվում հայ մասնակիցներին կամ երկրպագուներին խանդավառությամբ չեն ընդունելու. « Ադրբեջանում համարում են, դեռ պատերազմը շարունակվում է։ Ուստի անվտանգության երաշխիքը պետք է տրվի պետական մակարդակով»։ «Ա1+»-ի հեռուստաընկերության «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի ադրբեջանցի մասնակիցը կցանկանար, որ իր երկիրը պաշտոնապես հանձն առներ այդ պատասխանատվությունը եւ հայ մարզիկները մեկնեին Բաքու։ ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը կարծում է, որ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն կարող է խոսքի տերը մնալ՝ հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցում։ Բայց մի հարց այդպես էլ մնալու է օդում. Մարզիկների անվտանգության հարցը կլուծվի, իսկ ահա երկրպագուներինը՝ ոչ։ «Միանգամայն ճիշտ է»,- համաձայնում է Շահին Ռզաեւը,որի հետ զրուզում ենք սկայպով։ Տեղում խոստումներին ծանոթանալու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները երկու օրից կմեկնեն Բաքու, որտեղ նոյեմբերի 21-22-ը կայանալու է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանը։ Այցից հետո պարզ կլինի, թե որքանով է հավանական հայ մարզիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին։ «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի առաջին հաղորդումը կարող եք դիտեք «Ա1+»-ի ինտերնետային հեռարձակմամբ՝ այսօր՝ 18.30-ին։