«Երեխա ունենալը հարստության հետ կապ չունի»
«Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի փոփոխությունների քննարկումը ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար մի քիչ անհասկանալի էր: ԱԺ արտահերթ նիստին որպես հարակից զեկուցող՝ պարոն Հակոբյանը հայտարարեց, որ օրենսդրական այս փոփոխություններով իրենք պաշտպանում են աշխատող հղի կանանց նպաստի հարյուր տոկոս վճարումը, իսկ չաշխատողների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով. «Շատ պարզ խնդիր է՝ եղածը պահելով՝ ավելացնում ենք, եւ եւս մեկ խթան ստեղծում ծնելիության համար: Խնդրում եմ, թող մեկը վեր կենա ու ասի, թե հղի կամ ծննդաբերող կնոջ փողն է կրճատվում: Հիմա հղիությունը դիտարկենք որպես դե՞պք, թե ապահովություն սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին: Ես կարծում եմ, որ ըստ անհրաժեշտության, պետք է գումարն օգտագործվի, որ աղքատ ընտանիքներին աջակցություն ցուցաբերվի»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հարկ համարեց իր դիտարկումը հայտնել՝ ասելով. «Երեխա ունենալը հարստության հետ կապ չունի. եթե հարուստներին նայեք, կտեսնեք՝ նրանք քիչ երեխաներ ունեն»: