Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցավոք, չունեցանք հարձակողական դիվանագիտություն (տեսանյութ)

Քաղաքականություն
shirxanyan

«Մենք դավադիր գործընկերոջ հետ գործ ունենք, և դա դեռ կբերի լուրջ անակնկալների»,-այս տեսակետն է հայտնել Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ խոսելով Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից կործանված ուղղաթիռի դեպքից։ Միջազգային հանրության դիրքորոշումներն ու հայտարարությունները նա հերթական ու անիմաստ բառեր է համարում։ «ԵԱՀԿ-ն անատամ հայտարարություն է արել, ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես, քանի որ այդ մարդիկ իրենց առջև անվտանգություն ապահովելու խնդիր չունեն»,-շեշտել է ՊՆ նախկին փոխնախարարը։ Նա կարծում է, որ մեր երկիրը կտրուկ դիվանագիտական քայլեր պետք է պահանջի այդ նույն միջազգային հանրությունից։ Ասում է՝ ԵԱՀԿ-ն պետք է բանաձև ընդունի՝ Ադրբեջանի առնչությամբ։ Այն է՝ հայտարարի, որ Ադրբեջանը ոչ հուսալի գործընկեր է բանակցությունների հարցում։ «Եթե այդ կառույցը չկատարի այդ քայլերը, ապա Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ ծառայությունից»,-շեշտել է պարոն Շիրխանյանը։ Նա շեշտում է, որ դա ոչ միայն մեր, այլ նաև Իրանի և մի շարք այլ երկրների դեպքում է այդպես։ Իսկ Ռուսաստանի պարագայում զարմանում է, թե ինչպես մինչև հիմա այդ երկիրը չի պատժել Ադրբեջանին։ «Ադրբեջանի հետ կնքել պայմանագիր և կարծել, թե այդ երկիրը խաղաղությունը կպահպանի, դա պարզապես մանկամտություն է»,-վստահ է նախկին ռազմական գործիչը։ Ասում է. եթե մենք լինեինք Ադրբեջան երկիրը, ուրեմն 92 թվականին պետք է առնվազն հինգ, վեց թուրքական ուղղաթիռ խփած լինեինք, քանի որ այդ երկիրը մեր տարածքում վարժություններ էր իրականացնում։ Հունաստանն էլ հարյուր թուրքական ուղղաթիռ պետք է կործանած լիներ, քանի որ այդ պետության օդային սահմանն անընդհատ խախտում են թուրքերը։ «Ադրբեջանցիները պետք է մոմ վառեն նրա համար, որ մեր ուղղաթիռում զենք չի եղել, թե չէ իրենց հրթիռը կոչնչացվեր»,-շեշտել է ՊՆ նախկին փոխնախարարը։ Նա վստահ է, որ զորավարժությունների պլանավորման հարցում մեր կողմից բացթողումներ չեն եղել։ Պարոն Շիրխանյանը ցավում է, որ ավելի քան 20 տարի մեր երկիրը չունեցավ հարձակողական դիվանագիտություն և միշտ պաշտպանվողի դերում է։ Այս ամենի լուծման ուղիներից մեկը նա համարում է համախմբումը երկրի շուրջ, քանի որ Հայաստանից գնացողն էլ խնդիրներն իր հետ տանում է։ «Գնալը ելք չի, արդարության, օրենքի երկիր կառուցելն է ելք ու անհրաժեշտություն»,-եզրափակել է ՊՆ նախկին փոխնախարարը։