Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ում ԵՏՄ-ի շուրջ վերջնական կարծիք չկա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh

Նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հավանության արժանացրեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը: Ինչպես ցանկացած այլ, այնպես էլ այս միջազգային պայմանագրի հաջորդ հանգրվանը ՀՀ Ազգային Ժողովն է: «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» գրավոր կերպով փորձեց պարզել ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ խմբակցությունների կարծիքը: ՀՀԿ և ՀՅԴ Սկսենք առավել հստակ դիրքորոշում ունեցողներից: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կուսակցությունների դիրքորոշումները ԵՏՄ անդամակցության վերաբերյալ բավական միարժեք և դրական են: Սակայն ազնվության համար պետք է նշել, որ Դաշնակցությունը դրական գնահատականներ տալիս որոշ վերապահումներ է անում: «Ժառանգություն» «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի հեճուկս օրենքի պահանջի, չպատասխանեց մեր հարցմանը: Սակայն, այդ կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ Հայաստանը պետք է ստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին, քանի որ վերջինս արգելում է անդամ-պետություններին երրորդ կողմերի հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը: Նույն բանը վերահաստատվեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից ստացված գրությունում, ինչպես նաև այդ կուսակցության մի շարք հայտարարություններում: Հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը օրերս հայտարարել է, որ «Ժառանգությունը» դեմ է ԵՏՄ պայմանագրի վավերացմանը, քանի որ այն հակասահմանադրական է: ՕԵԿ Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցումը ամրագրված է նաև Օրինաց Երկրի նախընտրական ծրագրում, ինչը, ըստ նույն տրամաբանության, բացառում է ԵՏՄ անդամակցությունը: Սակայն նույնանուն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս խախտել է օրենքը և չի պատասխանել մեր հարցումներին, ուստի դժվար է որևէ հստակ տեղեկություն տալ այդ կուսակցության դիրքորոշման մասին: ԲՀԿ և ՀԱԿ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեզ հայտնեց, որ խմբակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել: Սակայն նույնանուն կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներում դրական գնահատականներ է հնչեցնում ԵՏՄ-ի մասին և անգամ անում (դրա սահմանադրականության շուրջ) հայտարարություններ, որոնք արդարացնում են Հայաստանի անդամակցումը այդ կառույցին: Սակայն կուլմինացիոն պատասխան ստացանք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից, ով նոյեմբերի 12-ին ստորագրված պատասխանում հայտնում է, որ «խմբակցությունն այդ հարցը կքննարկի պայմանագրի ստորագրումից հետո»: Այսինքն, Ազգային Ժողովի Եվրոպական Ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Զոհրաբյանը, ըստ ամենայնի, տեղյակ չէ, որ պայմանագիրը դեռևս հոկտեմբերի 10-ին է ստորագրվել: Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ում հարցի հետ կապված տարբեր տեսակետներ կան և խմբակցությունում դիրքորոշման հստակեցման համար կազմակերպվելու է քվեարկություն: etm Աննա Փամբուխչյան, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»