Հացադուլավորներին չեն մոտեցել
Նախագահական նստավայրի դիմաց երեկվանից հացադուլ սկսած Առուշանյան ընտանիքի անդամներին ոչ-ոք չի մոտեցել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Լավրենտ Առուշանյանը։ Նրանք բողոքի նման ծայրահեղ քայլի են դիմել, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը գրավեն իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի գործի վրա։ «Ստիպված ենք նման քայլի դիմում, այլ ճար չունենք»,- ասում է հայրը։ HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ , 28- ամյա Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու մեջ։Նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով։ Հարազատները փաստում են, որ գործը հիմնված վարկածների վրա։ Իսկ Աշոտի դեմ ցուցմունք տված Արտաշես Գալուստյանը ինքնասպան է եղել։ Ցուցմունքն էլ նախաքննության ընթացքում կորզվել էր բռնությունների միջոցով։ Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Սակայն դատաքննությունից հետո պատժաչափը մնացել է նույնը, եւ գործը կրկին Վերաքննիչում է։ Գործի դատաքննությունն ավարտվել է եւ հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 17-ին, սկսելու են վիճաբանությունները։