Կողմերը պետք է մերժեն պատերազմը. ամերիկացի համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում անդրադարձել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի «ՄԻ-24» ուղղաթիռի կործանմանը։ Նա մասնավորապես գրել է.
«Լեռնային Ղարաբաղում առավել լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մի կողմի շահերից չի բխում: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն պատերազմը՝ որպես խնդրի լուծման տարբերակ»:
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրխալթերը նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ կործանված ուղղաթիռի հետ կապված իր խորը մտահոգությունն է հայտնել: Նա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը: Գործող նախագահը ափսոսանք է հայտնել, որ այս տարի մի քանի անգամ արդեն բռնության պոռթկումները մեծ թվով զոհերի պատճառ են դարձել: «Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և ամբողջությամբ հարգել իրենց վրա նախկինում վերցրած պարտավորությունները», – ասել է նա: Բուրխալթերը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաջալերել, որպեսզի շարունակեն երկխոսությունը:
Ջեյմս Ուորլիքը թվիթերում նաեւ լուսանկար է տեղադրել, որտեղ ԵԱՀԿ հանձնաժողովը քննարկում է ուղղաթիռի կործանման դեպքը։