Երկրում 40-80 տոկոս ստվեր կա. փորձագետ (տեսանյութ)
«Ավելի ծանր հետևանքներ կլինեն մեր երկրի տնտեսության համար, քան 2008, 2009 թվականներին էր»,-խոսելով ռուբլու արժեզրկման մասին՝ այս տեսակետն է հայտնել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։ Մասնագետը հավանական է համարել, որ այս տարվա կտրվածքով Ռուսաստանից կարտահոսի ավելի քան 100 մլրդ դոլարի կապիտալ, որի հիմնական մասը հենց տեղական կապիտալն է։ Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ խնդիրն ավելի խորքային է համարում։ Ասում է. սկսած 91 թվականից սխալ ենք կառուցել երկիրը, և դա թողնում է իր հետևանքները։ Նա հիշեցրել է, որ երկրում ներմուծումը մի քանի անգամ ավելի է, քան արտահանումը։ Այլ խոսքով՝ չենք խրախուսում տեղական արտադրությունը։ Պարոն Մեսրոբյանը վստահ է, որ 2008-ի ճգնաժամը չի կորել և դեռ երկար կհիշեցնի իր մասին։ Նշում է, որ կախվածություն ունենք այլ երկրներից և ի սկզբանե այդպիսի դիրք ենք ընտրել։ «20 տարի է՝ զբաղված ենք շենք-շինություն կառուցելով և սպասելով, թե որ սփյուռքահայը կգա ու կգնի այդ տները։ Իսկ հասարակ մարդիկ մտածում են՝ գնամ դուրս, աշխատեմ, գամ տունս կերակրեմ։ Սա տնտեսություն չի»,-նշում է պարոն Մեսրոբյանը։ Նա վստահ է, որ օլիգարխիկ համակարգն ամենաանարդյունավետ, տնտեսությունը խեղդող, փակուղի տանող տնտեսության ձևն է։ Մասնագետը ծիծաղելի է որակում ՀՆԱ-ի աճի մասին տվյալները։ «Երկրում 40-ից 80 տոկոս ստվեր կա, և թեկուզ ասեն, որ ՀՆԱ-ն աճում է, դա դեռ ոչինչ չի նշանակում»։