Լավագույն կադրերը հեռանում են (տեսանյութ)
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ուսանողների ցածր մրցունակության փաստը պայմանավորում մի քանի հանգամանքով՝ ԲՈՒՀ-երը իրենց ծրագրերը ոչ միշտ են հասցնում վերանայել և հարմարեցնել աշխատաշուկայի պահանջներին, և այդ ծրագրերի մեջ հաճախ շարունակում են մնալ տարիներ շարունակ կրկնվող մոտեցումներ, կամ հին դասավանդման մեթոդոլոգիաներ։ «ԲՈՒՀ-երը պետք է վերազինեն իրենց գրականությունը, իրենց գրադարանները, ուսումնական ծրագրերը վերափոխեն, դասախոսներին վերապատրաստեն, և աշխատանքի վերցնեն այնպիսի մասնագետների, ովքեր նոր մեթոդներով են դասերն անցկացնում»,-ասաց նա։ Ըստ բանախոսի՝ կարևոր խնդիր է նաև այն, որ ԲՈՒՀ-երը պետք է ճիշտ կազմակերպեն ուսանողների պրակտիկան, վերահսկեն այն, իսկ գործատուներն էլ պետք է արդյունավետ կազմակերպեն կրթական պրակտիկան։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էլ իր հերթին հավելում է, որ ուսանողները իրենց դիպլոմային աշխատանքները, հատկապես մագիստրոսական դիպլոմայինները, պետք է անեն ռեալ թեմաների հիմքի վրա, և պետք է ռեալ ներդրումներ ունենան։ «Գիտությունը երիտասարդացել է, մենք պետք է կարողանանք հասնել մեր երեխաների ետևից, մենք պետք է պարզապես մեր փորձը փոխանցենք և չխանգարենք նրանց՝ նորարական մեթոդներում առաջընթաց ապրելու համար։ Այդ հարցում նրանք ունեն բավականին պարամետրեր»,-նշեց Հովհաննես Թոքմաջյանը։ «Ա1+»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ այսօր ուսանողների մեծամասնությունը, և առհասարակ երիտասարդությունը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո չի կարողանում աշխատանք գտնել, Գագիկ Մակարյանը ի պատասխան նշեց, որ այսօր Հայաստանը չունի բավարար չափի աշխատաշուկա՝ ԲՈՒՀ-ն ավարտած երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար։ Իսկ սա իր հերթին լավագույն մասնագետների արտագաղթի պատճառ է դառնում։ «Մի մասը արտասահմանում է հաջողությամբ գտնում իր աշխատանքը, որովհետև արտասահմանյան տարբեր ֆիրմաներ տեսան, որ հայ մասնագետները կարող են բավական լավ աշխատուժ լինել՝ մրցունակ և որակյալ»։