Ոստիկանությունը թակարդ չի՞ լարել վարորդների համար (տեսանյութ)
Ոստիկանությունը ամենեւին էլ թակարդ չի լարել վարորդների համար. անդրադառնալով Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում՝ Օպերայի մոտ, ճանապարհային երթեւեկության փոփոխությանը՝ նշում է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված վայրում ձախ շրջադարձ կատարող վարորդները տեսախցիկներով չեն արձանագրվում եւ վարչական ներգործության միջոցներ չեն կիրառվում եւ չեն էլ կիրառվել նշված փոփոխությունը կիրառելուց հետո»,- «Ա1+»-ին հավաստիացրեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը։ Ոստիկանությունը մտածել է վարորդների մասին, քանի որ նրանք պայմանական ռեֆլեքսով կարող են կատարել ձախ շրջադարձ։ Երբ կսկսեն վարորդներին տուգանել՝ դեռ պարզ չէ։ Սակայն շատ վարորդներ բողոքում են, որ արդեն իսկ տուգանվել են։ Ոստիկանությունն էլ ձեռքբերում է համարում այն, որ խցանումները նվազել են։ Տեսախցիկի առջեւ խոսել չցանկացող վարորդները նաեւ ավելացրին, որ փոփոխությունից հետո Բաղրամյան պողոտայում կրկին խցանումներ կառաջանան, քանի որ վարորդները ստիպված պետք է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից շրջադարձ կատարեն՝ Մոսկովյան փողոց հասնելու համար։ Մանրամասն՝ տեսանյութով