Դիֆիցիտի գումարը կազմել է 114.1 մլրդ դրամ
Այսօր ԱԺ-ում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը: Նշվել է, որ նախագծի հիմքում դրվել են խորհրդարանի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական եւ 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: 2015 թ. կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 4.1 տոկոս: 2015 թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը ծրագրավորվել է 3.7 տոկոս, իսկ արտահանմանը՝ 5.2 տոկոս: Արդյունքում՝ 2015 թ. ապրանքների ներմուծումը եւ արտահանումը կկազմեն համապատասխանաբար 3 մլրդ 974 մլն ԱՄՆ դոլար եւ 1 մլրդ 768 մլն ԱՄՆ դոլար: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծում-ՀՆԱ եւ ապրանքների ծառայությունների արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 45.3 տոկոս եւ 25.8 տոկոս: Նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ: Հիմք ընդունելով ՀՀ 2015 թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից` կառավարությունը ծրագրում է 2015 թ. ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 95.5 տոկոս: ԱԺ