Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվող գումարով կավարտվի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը

Հասարակություն
martakert-chan

Նոյեմբերի 27-ին անցկացվելիք` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2014 համազգային դրամահավաքի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով: 2013թ-ին նվիրաբերված գումարներով ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին: Շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Կատարված աշխատանքները ներառում են ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան եւ արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում: Բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվում են մայթեր: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի առաջին շուրջ 12 կմ-ը ասֆալտապատ է: Հաջորդող հատվածը մինչեւ Մարտակերտ պատված է խտացված հողային պաստառով եւ երթեւեկելի է նաեւ մարդատար մեքենաների համար: Առաջիկա դրամահավաքի գումարներով կավարտվի վերակառուցման երկրորդ փուլով նախատեսված ասֆալտապատումը: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը` որպես ռազմավարական ծրագիր հաստատված «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջեւ: Նոր մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլեւ կխթանի զբոսաշրջությունը եւ մեծ հաշվով կնպաստի մեր երկրների տնտեսության առաջխաղացմանը: Խոշորածավալ այս ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրազեկման եւ դրամահավաք աշխատանքներ են տանում դեռ տարեսկզբից: Նոյեմբերի 1-ից էլ Հայաստանում մեկնարկել են փոստային եւ sms նվիրատվությունները, որոնք նպատակ ունեն ազգային նշանակության այս ծրագրին, թեկուզ փոքր նվիրատվություններով, մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամ martak martakert martakert1