«Բանանցն» ու «Գանձասարը» իրար անակնկալ մատուցեցին
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Երեւանի «Ալաշկերտի» հետ, չնայած հյուրերը հանդիպումն ավարտեցին 9 հոգով: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցը» հյուրընկալելով Կապանի «Գանձասարին», սկզբում պարտվում էր 0:3 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում տիրեց նախաձեռնությանը եւ վերականգնեց հավասարակշռությունը՝ 3:3: Այդպիսով, մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: «Շիրակը» պահպանեց իր տեղը, «Գանձասարը» մնաց 5-րդ, «Ալաշկերտը»՝ 6-րդ, իսկ «Բանանցը»՝ 7-րդ հորիզոնականում: Այժմ առաջնությունում մեկշաբաթյա ընդմիջում է հայտարարվել, քանի որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին պետք է անցկացնի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: