Եթե մեզ հանձնարարեն՝ կղեկավարենք. Արմեն Երիցյանը՝ նոր փոփոխությունների մասին (տեսանյութ)
ԱԻ եւ Տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին, եւ բացի այդ, ստեղծվեց Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նոր նախարարություն: Կառավարությունն իր կառուցվածքում ընդունելով այս փոփոխությունները՝ առաջարկն ուղարկեց ԱԺ հաստատմանը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արդյունավետ համարեց փոփոխությունները, 2 նախարարության գործառույթները մեկ կառույցում` համատեղելի. «ԱԻՆ-ը իր գործառույթները կատարում է, եւ հիմա արդեն միացումից հետո համատեղ աշխատանքները կկատարվեն: Հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում, հիդրոմետ ծառայությունները մշտապես համագործակցում են»: Կառավարության այս փոփոխություններին նախորդել էր Տարածքային կառավարման արդեն նախկին նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականը: Մինչ օրս չկա ոչ փոխվարչապետ եւ ոչ էլ հայտնի են նոր նախարարությունների ղեկավարները: Շրջանառվում է վարչապետի գխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանի անունը՝ որպես նոր ստեղծվելիք նախարարության ղեկավար: Իսկ արդյո՞ք այդ պաշտոնն, այնուամենայնիվ, կստանձնի Արմեն Երիցյանը. «Կմտածեմ: Եթե մեզ հանձնարարեն, ուրեմն կղեկավարենք, եթե ոչ, ուրեմն` ոչ»: