Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահային զարմացրել է ՀՀ-ում արտագաղթի տեմպը (տեսանյութ)

Հասարակություն
untitled

Պերճ Մսրլյանը Սիրիայում շուրջ 22 տարի ունեցել է մանկական հագուստների արտադրամաս։ Հայաստան տեղափոխվելուց հետո հասկացել է, որ նույն բիզնեսով չի կարող զբաղվել, քանի որ այստեղ պայմաններն այլ են։ «Ստեղ մի քիչ հումքերը պիտի մտցրած ըլլան, մաքսեր պիտի տամ, էլի հավելյալ բաներ, էտ անելուն ատեն ինքնարժեքը որ հաշվում ես, արդեն թանկ գալիս է»,-ասում է Պերճ Մսրլյանը։ Այստեղ նա հիմնել է արագ սննդի պատրաստման իր սեփական ռեստորանը։ Բիզնեսում ունեցած հաջողությունները գոհացնում են նրան։ Հարկային մարմինների հետ խնդիր ծագում է միայն լեզվի պատճառով. «Մենք էնտեղ արաբերենով ստանում էինք մեր ուսումը, էտի մի կողմից, մյուս կողմից ալ արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունն ա»։ Հայաստանում բնակվելու երկուսուկես տարիների ընթացքում նա հասցրել է շատ բան նկատել. «Ինձ զարմացնողը որն է, որ նույնիսկ ստեղի ժողովուրդը ուզում ա ստեղեն դուրս գալ, այսինքն` ստեղ որ ծնվել է, սաղ ընկերներ, բարեկամներ, ամեն սաղ որ ունի, շատ խոսակցություններ գնում են, որ ուզում են թողնեն դուրս գան էստեղեն, հենց էդ նույն պատճառով, որ էկոնոմի տկարություն ունի»։ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանը նշում է, որ 80-90% սիրիահայեր ունեն հայաստանյան անձնագիր, սակայն այստեղ բնակարանի և աշխատանքի հիմնահարցերը շարունակում են մնալ գերխնդիր։ Բնակվարձերը շատ թանկ են, և նրանք էլ հատկապես չունենալով համարժեք աշխատավարձ, չեն կարողանում վարձերը վճարել։ Տիկին Հալաջյանը աշխատանքի հետ կապված դժվարություններից առանձնացնում է հետևյալը. «Իրենք արևելահայերենի դժվարություն ունեն, հատկապես եթե աշխատանքը գրել-կարդալու հետ է առնչված։ Անոր համար ալ որոշ ոլորտներ կա, օրինակի համար խոհարարական,կամ մատուցող,տաքսի վարորդներ և այլն, ավելի շատ սիրիահայեր ընդգրկված են այս աշխատանքներու մեջ, քան թե ավելի գրասենյակային աշխատանքներ»։ Ներկայումս Հայաստանում բնակվում է մոտ 12 հազար սիրիահայ։ Նրանց 10-15%-ն արդեն գաղթել է երրորդ երկիր, իսկ մի մասն էլ ցանկություն է հայտնել վերադառնալ Սիրիա։