Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում գայլերի սպանդին արձագանքել է նաեւ BBC-ն

Կարևոր լուրեր Հասարակություն
0943757823ffecffa170950de4cae98d

Կառավարության որոշմամբ՝ գայլերին սպանելու համար բնապահպանության նախարարությունը պարգեւավճարներ է սահմանել՝ 20 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված է 200 գայլի համար՝ յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը կազմում է 100 հազար դրամ։ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր տեղեկացրեց, որ գայլերի նկատմամբ սպանդը կանխելու նպատակով նամակով դիմել են վարչապետին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել. «Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը։ Նամակում առաջարկել ենք գայլերի չափավոր որս կատարել, ստեղծել արհեստական կերակրաբազա գայլերի համար, անցկացնել լուրջ միջոցառումներ գյուղերում, որոնք կպաշտպանեն անասնագոմերը գայլերի հարձակումներից, պետք է հնարավորություն տալ տնտեսություններին ձեռք բերել գելխեղդ շներ, որոնք կվախեցնեն եւ ետ կպահեն գայլերին, նաեւ անհրաժեշտ է դադարեցնել որսը այն կենդանիների նկատմամբ, որոնք գայլերի համար կեր են»։ Անգամ BBC հեռուստաընկերությունից են զանգահարել տիկին Ադամյանին եւ խնդրել, որ պահանջեն իշխանություններից դադարեցնել գայլերի սպանդը։ Բնապահպանների խոսքով՝ այս խնդիրը սոցիալական լուրջ բախում է բնապահպանական խնդիրների հետ։ Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի՝ գայլերի շատացող հարձակումները էկոհամակարգի խախտվածության արդյունք է. «Գայլերը ստիպված են դա անել, քանի որ մենք որսորդությամբ, անտառների ոչնչացմամբ, բնական էկոհամակարգերի ոչնչացմամբ գայլերի կերային բազան ենք ոչնչացնում։ Էկոհամակարգերը խախտվել են մեր սխալ գործունեության արդյունքում, մենք ենք դրանք ոչնչացրել»։