Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրիի հողերը դեռ կմնան անմշակ

Տնտեսություն
anapatacum

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի քննարկմանը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հիշեցրեց, որ նա ղեկավարում է մի կառույց, որն ավելի շատ որակական չափանիշների վրա պետք է ուշադրություն դարձնի. «Որակական չափանիշներից միայն մի բան նշեցիք, որ հաջորդ տարի ավելացնելու եք դատապարտյալների զբաղվածությունը: Երբ մենք այդպես գնում ենք լիբերալիզացիայի, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածները հետագայում ավելի ծանր հանցագործություններ են կատարում: Արդյոք նախարարությունը քննո՞ւմ է այս հանցագործությունների աճի միտումները»: Նախարարը հայտարարեց, որ իրենք եւս մտահոգ են ու փորձում են մեխանիզմներ գտնել. «Դրանցից մեկը պրոբացիոն ծրագիրն է: Այն լավ գործիք է»: Գագիկ Ջհանգիրյանը շարունակեց իր դիտարկումները՝ ասելով, որ հասկանում է, որ միայն աշխատավարձերի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման արդյունքում է նախարարությանը ֆինանսական հատկացումների ծավալն ավելացել, եւ այլ բան չի նախատեսվել. «Սակայն ես ուզում էի տեսնել որակական ցուցանիշներ եւս»: Նրան Արդարադատության նախարարի փոխարեն պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը. «Գրեթե բոլոր գերատեսչություններն իրենց ոլորտների՝ բյուջեով նախատեսված հատկացումները ներկայացնելիս որակական ցուցանիշներին չեն անդրադառնում, քանի որ դա աշխատատար է, ու մենք նոր ենք բյուջետային ծրագրավորման նոր փուլին անցնում»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր՝ այս տարի քանի՞ կալանավոր ունենք, Կենտրոն ՔԿՀ-ն ԱԱԾ շինությունների միջից երբ է հանվելու եւ տեղափոխվելու, «Դատապարտյալների աջակցության» հիմնադրամի Մեղրի տարածաշրջանում գտնվող հսկայական տարածքների հարցն ինչպես է լուծվելու. «Համայնքի բնակիչները դիմել են ինձ՝ ասելով, որ այդ հողատարածքները վերադարձվեն իրենց, քանի որ անմշակ են մնում, եւ իրենք են ցանկանում մշակել»: Նախարար Մանուկյանը կարճ պատասխաններ տվեց. «3950 դատապարտյալ ունենք, որից 25 տոկոսը կալանավորվածներ են: Կենտրոն ՔԿՀ-ն չի նախատեսվում տեղափոխել: Մեղրիի հողերի հետ կապված ինձ էլ են դիմել չորս ամիս առաջ, սակայն ոչ թե համայնքի բնակիչները, այլ կոնկրետ, որ հողամաս ունի հիմնադրամին պատկանող այդ հողերին կից ու ուզում է ինքը մշակի: Ես մերժել եմ՝ ասելով, որ այդ հողատարածքները մեզ անհրաժեշտ են հետագայում ըստ էության ծառայեցնելու համար»: