Զարուհի Փոստանջյանը պահանջում է հաշվարկել ԵՏՄ-ի վնասները
ԱԺ-ն այսօր շարունակեց 2015թ. բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց իշխանության պետական եւ դատական մարմիններում նախատեսված եկամուտներն ու ծախսերը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց՝ այս պահին ԵՏՄ անդամակցելու դեպքում ՀՀ բյուջեն չի հաշվարկել այն վնասները, որոնք պետք է լինեն. «Քանի որ բյուջեն կազմելիս դուք չէիք մտածել, որ անդամակցելու ենք միությանը, կա՞ արդյոք աշխատանքային խումբ, որ կարող է հաշվարկել այդ վնասները: Ի՞նչ համադրություն եք արել: ՌԴ-ն այս պահին գտնվում է միջազգային սանկցիաների տակ, ու հետեւաբար, ռուբլին ի՞նչ ազդեցություն է ունենալու մեր բյուջեի վրա»: Ի պատասխան Պավել Սաֆարյանն ասաց. «Շնորհակալություն ձեր երկարաշունչ հարցի համար.. Տիկին Փոստանջյան, դուք ցանկություն ունե՞ք լսելու պատասխանը... Ուրեմն ասեմ՝ բյուջեն որոշակի տրամաբանությամբ է կազմվում: Իրավաբանորեն, դուք իրավաբան եք, կհասկանաք, երբ բյուջեն ներկայացվում էր, միության անդամակցության համաձայնագիրը չէր ստորագրվել: Այս պահին, այո, կա խումբ, որն աշխատում է: Երբ բյուջեում ֆինանսական հոսք ենք ուզում նշել, ճշգրիտ հաշվարկներ են պետք: Մենք ոչ թե մոտավոր գնահատականներ պետք է տանք, այլ կոնկրետ հաշվարկներ»: Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ դա կլինի. «Որ մենք ունենանք պատկերացում՝ ճիշտ կողմնորոշման համար»: «Ամեն ինչ կանենք, որ ԱԺ քառօրյային, երբ պետական բյուջեն կներկայացվի ընդունման, արդեն աշխատանքային խմբի պատասխաններն ունենանք»: