Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակը մեծ անորոշության մեջ է Տեր-Պետրոսյանի խոսքերից (տեսանյութ)

Քաղաքականություն
eryak1

Ընդդիմադիր եռյակը մեծ անորոշության մեջ է Տեր-Պետրոսյանի հետեւյալ խոսքերից հետո. «Ոմանք մեզանից պահանջում են, որ մենք մեր տակտիկական բոլոր մտահղացումները, ժամանակացույցը, միջոցառումների բնույթը սկուտեղի վրա մատուցենք Սերժ Սարգսյանին։ Այդպիսի բան չի լինելու»։ Մեր տեղեկություններով՝ եռյակի միջին օղակներում դեռ չգիտեն, թե ինչպես է շարունակվելու պայքարը։ Նույնիսկ եռյակի նիստի օրը հայտնի չէ։ Ժողովուրդը չգիտի, թե ինչ սպասի եռյակից հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այդ կարծիքին չէ. «17 թվականը վերջնաժամկետն ա, 2,5 տարի, եթե արանքում լինի սահմանադրական հանրաքվե, որը կարծում եմ հետաձգվել է եւ էլի դեռ շատ բարդ է, ուրեմն կլինի այդ կետը, որը շատ արագ չի լինի, կլինի 16 թվականի երկրորդ կես. սա նշանակում է, որ այդ գործընթացի արանքում մրցակցային քաղաքական պայքար ա գնալու, ինչ խնդիր կա՝ ոչ իշխանական ուժը թող բյուրեղանա, իշխանությունն էլ ինքը շանս ունի այս երկու-երկուսուկես տարվա ընթացքում սոցիալական-տնտեսական վիճակը եթե ցանկություն ունի բարելավի, եւ ինքը կգնա որոշակի հանգուցալուծման»։ Եթե մինչեւ խորհրդարանի հերթական ընտրությունները դեպքերը հասունանան, Միքայել Մելքումյանը հույս ունի, որ երկու հակադիր ուժերը բախումների չեն գնա, կշարունակեն պայքարել քաղաքական մեթոդներով. «Տակտիկայի մասին խոսվեց, չէ՞։ Հիմա տակտիկան ես ասեմ, որ 17 օր հետո այսինչ ժամին մենք կգնանք էսինչ ժամին, էդպես ճիշտ չէ, ինքը դեպքերի ընթացքը ցույց կտա, թե ուր ենք գնում, ինչ ռեսուրսով»։ Ըստ Միքայել Մելքումյանի, արդեն տարբեր քաղաքական ուժեր, անհատներ, ստեղծագործողները, հասարակական կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել շարժմանը։ Ստեղծվում են շտաբներ։ Սա հենց այն է, ինչն անհրաժեշտ է եռյակին համազգային համախմբման համար. «Մենք չենք բացառում եւ նստացույցեր եւ պիկետներ եւ տարբեր ակցիաներ եւ դահլիճային հանդիպումներ»։ Այս իշխանությունից որեւէ լուրջ փոփոխություն եռյակն այլեւս չի սպասում։ Սակայն ինչու՞ է գոնե ԲՀԿ-ն գնում Ազգային Ժողովի ընտրությունների։ Որովհետեւ խորհրդարանում քաղաքական միտքը եղանակ չի ստեղծում, մերժվում են ընդդիմության օրենսդրական նախագծերը եւ քաղաքական միտքը դուրս է գալիս հրապարակ. «Եվ հիմա հրապարակից քաղաքական լուծումների պահանջ ա դրվում եւ հիմա մենք գտնվում ենք շատ հետաքրքիր փուլում, թե իշխանությունները ոնց կարձագանքեն էդ քաղաքական պահանջների լուծման պահանջին։ Ո՞նց կարձագանքեն։ Կսպասենք։ -Ինչքա՞ն։ -Երկար սպասեցնել չի տա»։ Այնուամենայնիվ, Միքայել Մելքումյանը փորձեց վերլուծել, թե ինչ ժամկետներում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Եթե մեկ տարվա ընթացքում էդ փոփոխությունը չեղավ, կարծում եմ, դա կտանի դեպի 17 թվականի խորհրդարանի ընտրություն»։ Պարոն Մելքումյանը կանխատեսում է, որ իշխանությունները կգնան ժամանակ շահելու ճանապարհով, նրանք նույնիսկ ճանապարհները չեն փակում, որպեսզի դեպքերը չարագանան. «Բայց վերեւն Աստված, ներքեւում մենք, ժամանակը ցույց կտա»։