«Միկան» Կապանում ջախջախեց «Գանձասար»-ին
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին երկու ուղեգրերը նվաճեցին Երեւանի «Ալաշկերտն» ու «Միկան»: Այսօր կայացած քառորդ եզրափակիչ պատասխան խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում լարված պայքարում 4:3 հաշվով հաղթեցին Երեւանի «Արարատ»-ին: Թիմերի առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Ալաշկերտի» առավելությամբ` 2:0: Երեւանի «Միկան» Կապանում մրցեց տեղի «Գանձասարի» հետ: Դաշտի տերերին հարկավոր էր խոշոր հաշվով հաղթանակ, որպեսզի մտնեն հաջորդ փուլ: Սակայն այս խաղում խոշոր հաղթանակ տոնեց «Միկան», որը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպաս: Այդպիսով, երկու խաղերի ընդհանուր հաշիվը դարձավ 5:0: Նշենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս երկու մասնակիցները հայտնի կդառնան նոյեմբերի 5-ին, երբ տեղի կունենան 1/4 եզրափակիչ փուլի «Բանանց» - «Ուլիս» եւ «Շիրակ» – «Փյունիկ» պատասխան հանդիպումները: