«Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակով առիթ չի ունենա արտահայտվել» (տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ տեսնում է քաղաքական ուժերի կոսնոլիդացիա սահմանադրական բարեփոխումների շուրջ. «Հանրապետականը գտնում է անհրաժեշտություն, ՀՅԴ-ն գտնում է, երեկ Ալեքսանդր Արզումանյանն ասեց, որ ՀՀՇ-ն գտնում է, Ազատ դեմոկրատներն ասեց, որ կարծեմ գտնում է»։ Ընդդիմադիր ուժերից ոմանք էլ, ըստ Էդուարդ Շարմազանովի, գոնե 2012-ին համարում էին, որ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Այսօր հանրապետականը բարեփոխումները դրել է շրջանառության մեջ, որ ընդդիմության առողջ առաջարկները քննարկի. «Բայց առողջ առաջարկները, ոչ թե՝ կապրիզները»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խոսնակի այն մտքին, որ իր ղեկավարը փաթեթի մասին կխոսի մյուս տարվա առաջին եռամսյակում, պարոն Շարմազանովի համար տրամաբանական է, եռյակի ճնշումը կապ չունի։ Բարեփոխումների կողմնակից ընդդիմադիր Դաշնակցությունն էլ է Ազգային ժողովի փոխնախագահի կարծիքին։ «Եռյակի մոտեցումը, եթե որեւէ մեկը ձեւակերպի լիարժեք, ես ձեր հարցին ավելի ամբողջական պատասխան կտամ»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությունը եռյակի ճնշման արդյունք կլիներ, եթե դրանից հետո Բաղրամյան 26-ի ղեկավարը հրաժարվեր բարեփոխումներից։ Նման հայտարարություն չկա. «Եթե մեր ամբողջ նպատակն այն էր, որ հասնենք նրան, որ համակարգային փոփոխություններ տեղի չունենան, որ սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան եւ էդ պահանջը մեր նպատակն է, ուրեմն ողբամ մեր վիճակը»։ Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությունն արտառոց չէ, որովհետեւ Բաղրամյան 26-ը քննարկումներից չի հրաժարվում, փաստում է պարոն Ռուստամյանը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հրաժարվեց խոսել, որպեսզի նոր թափ չհաղորդի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին. «Ինքը այս քայլը անում է՝ մի հաշվարկով, որ, այնուամենայնիվ, այդ գագաթնակետն անցնի, նա ժամանակ շահի, իր հաշվարկով երբ որ ժողովրդի ընդվզման այս ալիքը մարի, ինքը նոր այս սահմանադրական փոփոխությունների փաթեթը պարտադրի մեր հանրությանը»։ Պարոն Զուրաբյանը, սակայն, չի բացառում, որ Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակով այլեւս առիթ չունենա արտահայտել սահմանադրական բարեփոխումների փաթեթի մասին իր տեսակետը.«Ոչ թե բացառված չէ, այլ համարյա երաշխավորված է, իհարկե, վերջնական երաշխիք, ինչպես հայտնի է, կարող են տալ ապահովագրական պոլիսները, իսկապես ստեղծվել է մի իրավիճակ, երբ շարժումը բոլոր հիմքերն ունի բավականին կարճատեւ գործընթացի արդյունքում հասնել իր առջեւ դրված նպատակների իրագործմանը»։