«Հայաստանը հաղթանակ տարավ, բայց վիճակը վատթարացավ» (տեսանյութ)
Այսօր «Մոդուս Վիվենդի» կենտրոնում տեղի ունեցավ ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս, ֆիզիկոս Վլադիմիր Հարությունյանի «1918թվական. հայ-վրացական պատերազմը. նյութեր և փաստաթղթեր» խորագիրը կրող հայալեզու գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակի խոսքերով՝ ներկայացված են 1918թվականի դեկտեմբերի 14-ին բռնկված հայ-վրացական երկշաբաթյա կարճատև պատերազմին առնչվող մի շարք արխիվային փաստաթղթեր։ «Իմ կարծիքով՝ այս գիրքը իր բովանդակությամբ ընթերցողի համար ավելի հետաքրքիր կդարձնի տվյալ ժամանակահատվածը»,-մեզ հետ զրույցում նշեց Վլադիմիր Հարությունյանը։ Վերջինս նաև նշում է, որ մոտ մեկ տարի է պահանջվել այդ փաստաթղթերը ռուսերենից հայերեն թարգմանելու, ինչպես նաև բազում նմանօրինակ այլ փաստաթղթեր գտնելու և գրքի մեջ զետեղելու համար։ «Բերված են արխիվային փաստաթղթերի հայերեն թարգմանությունները և յուրաքանչյուրի ռուսերեն բնագրի պատճենը»։ Իսկ որն է գրքի հիմնական նպատակը. «Շատ էական է, որ էսօր նորից և´ հայերը, և´ վրացիները հասկանան մի բան, որ մեծ տերությունները կգան և կգնան, նրանց շահերը կարող են փոխվել, երեկվա թշնամիները, օրինակ Թուրքիան և Ռուսաստանը, կարող են նորից բարեկամ դառնալ, իսկ էդ բարեկամ դառնալու գինը վճարելու են ավելի փոքր պետությունները, այսինքն՝ ամեն ինչ պետք է արվի, որ մենք այդ ամենի զոհը չդառնանք։ Հենց գրքում բերված փաստաթղթերը ցույց են տալիս, որ չնայած նրան, որ Հայաստանը ռազմական տեսանկյունից պատերազմում տարել է հաղթանակ, բայց ոչ մի բան չստացավ, հակառակը՝ վիճակը ավելի վատթարացավ»։