30 հազար մարդ ամեն տարի անվերադարձ հեռանում է Հայաստանից (տեսանյութ)
«Հայաստանի դեմոգրաֆիկական պատկերը ճգնաժամային է»,-ահազանգում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։ «Արդեն քանի տարի է` մեզ մոտ ծնելիությունը նվազում է, և դա կշարունակվի նաև առաջիկա տարիներին, քանի որ այժմ 90-ականներին ծնվածների վերարտադրության ժամանակն է, իսկ նրանց թիվը ավելի փոքր է, քան նախորդ սերնդինը»,-մեկնաբանում է նա։ Ժողովրդագիրը ցավով է նկատում, որ արդեն 5-6 տարի է` Հայաստանից մեկնողների թիվը մի քանի անգամ գերազանցում է հանրապետություն ժամանողների թվին. «Յուրաքանչյուր տարի 30 հազարից ավելի մարդ ավել է մեկնում Հայաստանից, քան վերադառնում, և սա դեռ պաշտոնական պատկերը չէ, քանի որ շատ անգամ արտագաղթածները քողարկված բնույթ են կրում և չեն արձանագրում իրենց մեկնումները»։ Ինչ վերաբերում է մահերի ու ծնունդների թվերի հարաբերակցությանը, ժողովրդագրի տվյալներով` այստեղ դեռ դրական միտումներ են զգացվում. «Տարեկան ծնունդների թիվը գերազանցում է մահերին 13-15 հազարով, սակայն ներկա իրավիճակը, ցածր ծնելիությունը արդեն հուշում է այն մասին, որ սա փոխվելու է»։