Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է քրեական գործ՝ «ՀԺ»-ի լրագրողին խոչընդոտելու դեպքի առթիվ

Հասարակություն
Թագուհի-Հովհաննիսյան

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 19-ին Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։ Մասնավորապես, ըստ լրագրողի, Ա.Կարապետյանին ուղղված հարցից հետո վերջինս իր ձայնագրիչը ձեռքից վերցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսում եղած` տվյալ գործողության վերաբերյալ տեսաձայնագրությունը ջնջելու միջոցով խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը: Նկատի ունենալով, որ Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին