Վիեննայի Շիրազի անվան դպրոցի նվերը՝ երեւանյան դպրոցին
Վիեննայում Հովհաննես Շիրազի անվան հայկական շաբաթօրյա դպրոցի սաներն ու ուսուցիչները հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ եւ իրենց հավաքագրված գումարով համակարգիչ են նվիրել Երեւանի համանուն դպրոցին: Անցյալ տարի այսօրինակ ակցիայի շնորհիվ Վիեննայի Շիրազի անվան դպրոցը եւս մեկ համակարգիչ էր նվիրել Երեւանի այս կրթօջախին: Դպրոցի սաները շնորհակալական նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել ավստրիահայ պատանիներին: «Մեր աշակերտներն ու Վիեննայում բնակվող իրենց հասակակիցները պարբերաբար նամակագրական կապի մեջ են միմյանց հետ եւ արդեն ընկերացել են: Մենք էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի այս գեղեցիկ բարեկամությունը հաստատուն լինի»,-հեռախոսազրույցում ներկայացրեց Երեւանի Շիրազի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Մալոյանը: «Անցյալ տարի եղա այս դպրոցում: Հիացած եմ այստեղ տիրող կարգ ու կանոնով, դպրոցի ու աշակերտների հանդեպ ուսուցիչների եւ տնօրինության հոգատար վերաբերմունքով: Ուրախ եմ, որ երկու համանուն կրթօջախների միջեւ սերտ կապ է ստեղծվել»,- ասաց Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանցը: Հայաստան համահայկական հիմնադրամ