Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար պետք է հզորանալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jaher11

Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:ԵՊՀ ռեկտոր, պատմաբան Արամ Սիմոնյանի կարծիքով՝ դեռ երկար ականատես ենք լինելու պաշտոնական Անկարայի հակահայկական քաղաքականությանը: Այս համատեքստում բանախոսը նշում է, որ ուրացումը թուրք ժողովրդի, թուրք կառավարող շրջանակների համար այսօր, ըստ էության, իրենց ինքնության մի մասն է կազմում, այնպես ինչպես հայերիս համար Ցեղասպանության հիշողությունն է մեր ինքության մի մասը: Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է փոխհատուցում՝ տարածքների վերադարձման և միլիոնավոր դոլարների վճարման տեսքով: Սա է պատճառը, որ գերտերություններն օգտագործում են Հայկական հարցը՝ տարբեր հարցերում Թուրքիայի վրա ազդելու կամ ճնշում գործադրելու համար: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝ տարբեր պետությունների կողմից Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունները առայժմ բարոյական հարթակից այն կողմ չեն անցնում: «Մենք պետք է հասկանանք մի բան, որ այդ ճանաչումների մեջ կա տվյալ պետության շահը, և մի քիչ էլ մարդկության համար բարոյական ինչ-որ բան»,-ասաց քաղաքագետը: Իսկ Արամ Սիմոնյանը իր հերթին շեշտեց հետևյալը. «ԱՄՆ նախագահը իր ընտրությունների ժամանակ և ոչ միայն ներկայիս նախագահը, մյուս նախագահները ևս շեշտում էին, որ իրենք անպայման ջանքեր են գործադրելու Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, բայց ընտրվելուց հետո միանգամայն քաղաքական այլ ուղի են ընտրում այս հարցում»: Ցեղասպանության ճանաչման խնդրում հաջողության հասնելու համար Հայաստանը միջազգային հանրության աջակցությանը ապավինելուն զուգահեռ, պետք է հզորացնի նաև իր քաղաքական, ֆինանսական, մտավոր և ռազմական պոտենցիալը,-համոզված են բանախոսները: «Սա տևական կռիվ է, պայքար է Հայաստանի վերադարձի համար, բայց էդ Հայաստանը՝ ինքը կորիզը, պետք է ուժեղ լինի, որ կարողանա տեր լինի այդ գործին և չդառնա խաղալիք էդ խոշոր տերությունների ձեռքին»,- վստահեցնում է Լևոն Շիրինյանը: