Սուրեն Չախալյանը այլեւս «Ուլիս»-ում չէ
«Ուլիս» Ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Սուրեն Չախալյանն այլեւս թիմի գլխավոր մարզիչը չէ: Ակումբի ղեկավարության ու Սուրեն Չախալյանի միջեւ երկկողմանի համաձայնությամբ որոշվել է խզել պայմանագիրը: «Ուլիսի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Սիմոնյանը: Նման հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընդգծված առաջատարի ֆեյսբուքյան էջը: Թե որն է նման որոշման պատճառը, նշված չէ: Հենց այստեղից էլ սկսվում են ֆուտբոլային ասեկոսեները. ««Ուլիսը», որը նորաստեղծ թիմ է եւ համալրված է արտասահմանցի ֆուտբոլիստներով, չափից շատ է առաջ գնացել, որով վարկաբեկում է տեղացի ֆուտբոլիստներով հանդես եկող ակումբներին: Կամ, թիմի հաղթանակների հետ ավելանում են մարզիչների եւ ֆուտբոլիստների ֆինանսական պահանջները, իսկ ակումբի տերերը պատրաստ չեն բավարարել դրանք»: Ինչեւէ, Հայաստանի ակումբային ֆուտբոլում հերթական անգամ անտրամաբանական որոշում կայացվեց: