Ձեռնարկատերերի ցույցերն ուղղորդվո՞ւմ են (տեսանյութ)
«Չի բացառվում, որ ոմանք ուղղորդում են փոքր ձեռնարկատերերին, որպեսզի նրանք ցույցեր անեն և շփոթ առաջացնեն դաշտում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ քաղաքական գործիչների հայտարարությունները տնտեսագետի համար երկիմաստ են ու ոչ միանշանակ։ «Կառավարությունը և Ազգային ժողովը թերանում են շատ կարևոր հարցերում՝ իրազեկում և հանրային բաց քննարկում»,-ասում է պարոն Մանասերյանը։ Ըստ նրա՝ սրանք պետք է նախորդեին օրենքի ընդունմանը, իսկ քանի որ բացակայում են, խնդրի շուրջ դժգոհության նման մեծ ալիք է ստեղծվում։ Նա վստահ է՝ մենք զլանում ենք օգտագործել մեր ներուժը, որը կարող է դրականորեն ազդել տնտեսության զարգացման վրա։