Սկսվել է Գրին քարտի խաղարկությունը
Մեկնարկել է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (արտոնագրերի) վիճակախաղի մասնակիցների գրանցման գործընթացը: 2016թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև երկուշաբթի, 2014թ. նոյեմբերի 3-ը (արևելյան ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)): Մասնակցության հայտը լրացնելու համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել: Խաղարկային այս ծրագրով պահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։