ՀՀԿ-ն հավանաբար կբոյկոտի արտահերթը. Արամ Մանուկյան
Քիչ առաջ ԱԺ շենքից դուրս եկան ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, որոնց ցուցարարները դիմավորեցին ծափահարություններով։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը փոքր ձեռներեցներին փոխանցեց, որ 45 պատգամավոր իրենց ստորագրությունը տվել է՝ արտահերթ նիստ անցկացնելու համար. «Ժողովուրդ ջան, մի ոգեւորվեք, քանի որ հանրապետական կուսակցությունն ամենայն հավանականությամբ այսօր նույնպես կբոյկոտի եւ չի մասնակցի արտահերթ նիստին։ Որպեսզի մենք կարողանանք հասնել ցանկալի արդյունքի, բոլորս մեկ մարդու նման նիստի պահին նորից լինենք այստեղ»։ Պատգամավորներն առաջարկեցին հեռանալ, հետո վերադառնալ, սակայն ցուցարարները գերադասեցին մնալ ԱԺ բակում։ Հիշեցնենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող 200-ից ավելի առեւտրականներ այսօր նորից ՀՀ Ազգային ժողովի մոտ են: Այս օրենքը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, եւ առեւտրականները պետք է հաշվառեն իրենց ապրանքներն ու փաստաթուղթ ներկայացնեն ցանկացած ապրանքի համար, հակառակ դեպքում՝ կտուգանվեն։