Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական ու չինական հումքով արտադրություն չես պահի (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar

Թեթև արդյունաբերության ճյուղերից մեկը՝ տեքստիլի և հագուստի արտադրությունը, այսօր հայաստանցի արտադրողին կանգնեցրել է բազմաթիվ խնդիրների առջև։ Գլխավորը հումքի խնդիրն է։ Հայկական ապրանքը կարվում է թուրքական կամ չինական հումքով, ինչն էլ բարձրացնում է ինքնարժեքն ու նվազեցնում սպառման ծավալները։ Լոռու մարզի գործատուների միության նախագահ Ռուզաննա Դանիելյանը, ով նաև 2000 թվականից ունի կարի սեփական արտադրամաս, «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում նշում է, որ տեղական հումք չունենալու պատճառով իրենց ապրանքը կարվում է օտարերկրյա հումքով, ինչն էլ բավականին թանկ հաճույք է, իսկ այդ հաճույքից օգտվելու համար արտադրողները ստիպված են լինում թաթախվել վարկային պատմությունների մեջ։ «Մենք բավականին թանկ վարկեր ենք վերցնում, որը չենք կարողանում շրջանառության մեջ դնել, արտադրում ենք և կեսից արդեն սկսում ենք որոշ գումարներ դուրս տալ , և չի մնում այլևս նորից հումք վերցնելու»,-ասում է նա։ Ըստ ձեռներեցի՝ իրենց ապրանքը որակով չի զիջում ներմուծվողին, սակայն չի դիմանում թուրքական և չինական էժան ապրանքների մրցակցությանը։ Տիկին Ռուզաննայի համոզմամբ՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի տեղական արտադրողին օգնելու համար։ Այս կապակցությամբ բանախոսը նշում է. «Ես հասկանում եմ բրենդային հագուստներ պետք է լինի Հայաստանում, բայց ոչ այդքան շատ թուրքական ու չինական անորակ ապրանքներ։ Մենք ունենք բավականին որակյալ արտադրողներ, որ մենք էլ կարող ենք շուկա մտնել, արտադրել, բայց չունենք հումք»։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը պնդում է, որ մշակվել է գործողությունների ծրագիր, իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ առկա խնդիրները լուծելու համար։ Մշակվող արդյունաբերության 11 ոլորտներ էլ արտահանման տեսանկյունից ճանաչվել են գերակա։ Իսկ դրանց թվում է նաեւ թեթեւ արդյունաբերությունը։ Արմեն Եգանյանի խոսքերով՝ հայ արտադրողներին աջակցելու համար կառավարության կողմից մշակվել է ռազմավարական ծրագիր։ «Կա նաև պետական աջակցություն արդյունաբերությանը, դա բյուջեից հատկացվող յուրաքանչյուր տարի տարեկան ծրագրի շրջանակներում միջոցներ են, որոնք որ տարբեր գործիքների տեսքով աջակցություն է տրվում արդյունաբերական ընկերություններին, հատկապես այն ընկերություններին, որոնք ունեն արտահանման ուղղվածություն»,- ասաց նա։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արտահանման ծավալները կազմել են մոտ 847,5 միլիոն դոլար։ Նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալները աճել են 2,8% -ով։ Մասնավորապես աճել է Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան արտահանումների ծավալը՝ ի հաշիվ Ուկրաինա և Թուրքմենստան արտահանումների ծավալի նվազման։ Իսկ դեպի ԵՄ երկրներ Հայաստանից կատարված արտահանումն անկում է ապրել 4,9%-ով։