Վահրամ Բաղդասարյանի իմացած Սերժ Սարգսյանն ուրիշ է (տեսանյութ)
Տիգրան Ուրիխանյանը չի կարդացել Չեխիայի հայ համայնքի հետ Սերժ Սարգսյանի հունվարյան հանդիպման նոր ի հայտ եկած սղագրությունը. «Դա իմ առաջնային օրակարգային հարցերի մեջ չէ»։ Չեխիայում Սերժ Սարգսյանը շաքարի մենաշնորհով անհանգստացած մարդուն հակադարձել է՝ բա ի՞նչ եք ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն։ Պատգամավորը զգուշանում է դատապարտել Սերժ Սարգսյանի մենաշնորհը խրախուսող ձեւակերպումները. «Հակամենաշնորհային պայքարից դուրս են մնում նրանք, ովքեր ունեն օրինական հնարավորություններ, սակայն գերիշխող հնարավորություններ ազդելու շուկայի վրա»։ Արտագաղթի մասին էլ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի պատկերացումներն իրար հակասում են։ Տիգրան Ուրիխանյանը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի չափ ոգեւորված չէ։ Պատգամավորի շրջապատում շատերն են արտագաղթել, ինքը միջին վիճակագրական հայի կյանքով ու կենցաղով է ապրում, տեսնում է, թե ովքեր են գնում։ Նրան չեն համոզի նույնիսկ միջազգային տվյալները արտագաղթի մասին. «Ինձ, անկեղծ ասած, քիչ են հետաքրքրում միջազգային կառույցները, արտասահմանյան կազմակերպությունները, արտասահմանցիները ինչ կարծիք ու տեսակետ ունեն»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չեխահայ համայնքի հետ իր նախագահի հանդիպման սղագրությունը կարդացել է։ Այո, ինքն էլ է մենաշնորհ տեսնում։ Համաձայն է, որ մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրելը մի բան չէ. «Իրոք, շաքարի, եթե սպառողական շուկան նայենք, թե ինչ քանակության ենք սպառում, իմաստը չեմ տեսնում այդքան մեծ...»։ Աղքատության ցուցանիշների շուրջ պարոն Բաղդասարյանն, իսկապես, վեճ ունի չեխահայ այն մարդու հետ, ով Սերժ Սարգսյանին դժգոհում էր, թե Հայաստանում այն մեծ թիվ է. «Սոված, աղքատ, դրանք տարբեր չափանիշներ են»։ Աղքատություն կա, պարոն Բաղդասարյանը չի հերքում։ Հանրապետական իշխանության 16-րդ տարում նա ասում է, որ պետք է ձեւավորել միջին խավ. «Բավականին լայն մասշտաբով քննարկումները գնում են»։ Արտագաղթ էլ կա։ Պատգամավորը համաձայն է։ Գնում են հիմնականում Ռուսաստան։ Իսկ ի՞նչ անեն։ Այնտեղ ապրելու հնարավորություն կա։ Թող իրեն սխալ չհասկանան, ինքը չի մտածում Ռուսաստանի մասին. «Ես չեմ ցանկանում, որ այնտեղ վատ լինի, մերոնք չարտագաղթեն, ես ցանկանում եմ մեր մոտ լավ լինի, որ չարտագաղթեն»։ Ի դեպ, հանրապետական պատգամավորը Սերժ Սարգսյանին բոլորովին այլ կերպարի մեջ գիտի։ Նրա իմացած Սերժ Սարգսյանը մարդկանց չի հրամայում՝ ոտքի կանգնեք, տեսնեմ ո՞վ եք։ Հանդիպման սղագրությունը՝ aravot.am-ում