Այսօր կվիճարկվի Հայաստանի սուպերգավաթը
Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի 17-րդ խաղարկությունը: Պատվավոր մրցանակը կվիճարկեն 2014 թվականի չեմպիոն «Բանանցը» եւ գավաթակիր «Փյունիկը»: Թիմերն արդեն 5-րդ անգամ իրար հետ կպայքարեն սուպերգավաթի համար: Նախորդ չորս հանդիպումներում հաղթել է «Փյունիկը»: Վերջին անգամ, 2011 թվականին, փյունիկցիները երեք անպատասխան գոլ էին խփել «Բանանցի» դարպասը: Շատ երկրներում Սուպերգավաթի խաղով բացում են նոր մրցաշրջանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը հանդիսանում է հանդիպման կազմակերպիչը, վերջին տարիներին խաղի անցակացման օր է ընտրել սեպտեմբերի 24-ը, որը հայկական ֆուտբոլի նվիրյալ Հակոբ Տոնոյանի հենց ծննդյան օրն է: Ի դեպ, բուքմեյքերները լուրջ չեն վերաբերվել սույն խաղին եւ խաղադրույքներ չեն սահմանել դրա համար: Այնպես որ, դժվար է ասել, թե թիմերից որն է համարվում ֆավորիտ այսօրվա մրցախաղում: