Բարձր աշխատավարձով ուսուցիչներ կհավաքագրվեն
Կրթության եւ գիտության նախարարությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը սկսում են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: Ինչպես այսօր նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ծրագրի նպատակն է կարեւորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել նրա մասնագիտությունը: Ծրագրով նախատեսվում է տասը տարում հավաքագրել 2000 միջազգային որակավորում անցած ուսուցիչ: Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ նրանց աշխատավարձը կլինի բարձր՝ 400 հազար դրամ. «Լավ ուսուցիչը կստանա լավ աշխատավարձ, սակայն միաժամանակ, մենք չենք ասում, որ լավ ուսուցիչ են նրանք, որոնք այս ծրագրում են աշխատելու: Ուղղակի բարձր աշխատավարձը լրացուցիչ ձգողականություն կունենա, սակայն դա ամենակարեւորը չի լինի, քանի որ ուսուցիչ լինելը հեղինակություն է, պատիվ է, համբավ է»: Նախարարը չբացառեց, որ այսօր ինչպես ՀՀ-ում, այնպես էլ բոլոր մյուս երկրներում կա խզում աշխատաշուկայի ու մանկավարժի որակավորման միջեւ. «Սակայն սա չի կարող դարման լինել մեր խնդիրներին, որ մյուսներն էլ ունեն այդ նույն խնդիրը: Մեզ մոտ, այո, դիմորդները ոչ թե առաջին հայտով են նշում մանկավարժություն առարկան, այլ երկրորդ, երրորդ հայտով, երբ իրենց ուզած մասնագիտությամբ չեն անցնում, հետո միայն դիմում են մանկավարժության մասնագիտացմանը: Այսօր մենք դեռ չունենք այն մեխանիզմը, որով հավաքագրենք ուսուցիչ դառնալու լավագույն մասը: Այս ծրագիրը կարող է պետական ծրագրին այլընտրանք լինել»: