Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցասպարեզ է դուրս եկել հայկական «ծանր հրետանին»

Սպորտ
hr

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության «Աշխարհի 51-րդ առաջնությունը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունն» հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու: Այսօր` սեպտեմբերի 14-ին, ինչպես նշել էինք, մրցասպարեզ է դուրս եկել հայկական «ծանր հրետանին»: 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) տղաների պայքարում 12 մրցակիցներից Ռազմիկ Մինասյանը 360 միավորով գրավել է 5-րդ տեղը, Հովհաննես Խաչատրյանը 355 միավորով՝ 7-րդ տեղը և Շանթ Սարգսյանը 347 միավորով՝ 11-րդ տեղը: Նույն վարժության թիմային պայքարում 1-ին տեղն է գրավել Ֆինլանդիայի թիմը՝ 1121 միավորով, 2-րդ տեղը Ռուսաստանը՝ 1071 միավորով և 3-րդ տեն է գրավել Ռազմիկ, Հովհաննես, Շանթ հայկական եռյակը՝ 1062 միավորով: Ռազմիկ Մինասյանի և Շանթ Սարգսյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը, գյումրեցի Հովհաննես Խաչատրյանի անձնական մարզիչն է Էդիկ Գաբրիելյանը: «Աշխարհի առաջնությունը» Հովհաննեսի առաջին արտագնա մրցաշարն է: Հրաչիկ Բաբայանը 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում հավասարը չի ունեցել որակավորման փուլում: 78 մրցակիցներից Հրաչը 624,9 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Հրաչին՝ 624,1 միավորով հետևում է ֆրանսիացի Լորենցո Բուֆֆարդը, 3-րդն է 623,7 միավորով չինացի Ցե Վանգը, 4-րդը՝ 623,2 միավորով կրկին չին Պենգ Վյուն, 5-րդը ՝ 623,0 միավորով ռուս Եվգենի Պանչենկոն, 6-րդը՝ 622,9 միավորով ֆրանսիացի Ալեքսիս Ռայնաուդը, 7-րդը՝ 622,8 միավորով ռուս Վլադիմիր Մասլեննիկովը և 8-րդը՝ Բրայան Բադուին: Լավագույն 8-նյակը վաղը կմասնակցի եզրափակչին: Հաղթանակ ենք մաղթում Հրաչ Բաբայանին: Վերջինիս անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 328 միավորով գրավել է 7-րդ տեղը: Լիլիթից նույնպես սպասումները մեծ էին, սակայն դեռ ևս մեկ վարժություն կա, և հնարավոր է արդարացնել սպասումները: Վաղը՝ սեպտեմբերի 15 կմրցի միայն Հրաչ Բաբայանը՝ մասնակցելով եզրափակչին, իսկ մյուսները մրցելույթները կշարունակեն մյուս օրը: «Աշխարհի առաջնությանը» Հայաստանը ներկայացնում են. Հրաչիկ Բաբայան (հրացան)-  Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան Զավեն Իգիթյան (ատրճանակ) - Հրաձգության հանրապետական մարզադպրոց անձնական մարզիչ՝ Խորեն Իգիթյան Հովհաննես Խաչատրյան- (վազող թիրախ) Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էդիկ Գաբրիելյան Շանթ Սարգսյան (վազող թիրախ)- Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ)- Հրաձգության հանրապետական մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ)- Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան Քրիստիան Լաուեր (հրացան)- Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան Սևակ Արշակյան (ատրճանակ)- Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Նոռա Նիկողոսյան Բացի Քրիստիան Լաուերից, բոլորը պատկանում են երիտասարդական տարիքային խմբին: Մեր մարզիկները մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի առաջնության» մրցելույթներին անձամբ հետևում և իր ներկայությամբ մազրիկներին ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ում նախագահությամբ հայ հրաձգային սպորտը մեծ վերելք է ապրում: Նման ուժեղ հավաքական Հայաստանն ունեցել է ԽՍՀՄ-ի օրոք. Միջազգային կարգի սպորտի վարպետներ՝ Քրիստիան Լաուեր, Հրաչիկ Բաբայան՝ «Պատանեկան օլիմպիական խաղերի» փոխչեմպիոն, Սպորտի վարպետներ՝ Զավեն Իգիթյան՝ «Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն», Լիլիթ Մկրտչյան՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության» բրոնզե մեդալակիր, Ռազմիկ Մինասյան և Շանթ Սարգսյան (Սպորտի վարպետի թեկնածու) ՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության» թիմային կրկնակի բրոնզե մեդալակիրներ: Մրցելույթներին կարող եք հետևել Հրաձգային սպորտի միջազգային ֆեդերացիայի կայքում http://www.issf-sports.org/   ՀՀՖ մամուլի քարտուղար՝ Լաուրա Ավետիսյան