Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի հանձնաժողովի բացահայտումները (տեսանյութ)

Տնտեսություն
oEfeICO8b8k

Գազի հանձնաժողովը բազմաթիվ ցնցող բացահայտումներ է արել։Դրանց մի մասը փաստաթղթային հիմք է ստացել. մի մասում հանրապետականն ինքն էլ է համոզվել, մի մասում ուղղակիորեն չեն կարողանում հակադարձել կառավարության անդամները՝ ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ գազի գործով շատ այլ խախտումներ էլ չեն հաստատվում, որովհետեւ դրանց փաստաթղթային հիմնավորումն է դժվար տալ. «Ասենք, ուզում ես սակագնի ձեւավորման հիմքերը, մեկ էլ բերում են 800 էջանոց մեթոդիկա, թե ինչպես է ձեւավորվել սակագինը»։ Այնուամենայնիվ, գազի հանձնաժողովի ընդդիմադիր անդամը գիտակցում է, որ հանձնաժողովի հանրապետական մեծամասնությունը չի կարող իր եզրակացությամբ ցավեցնել Սերժ Սարգսյանին կամ Հովիկ Աբրահամյանին, սակայն մի քանի հանցագործություններ արդեն այսօր ակնհայտ են. «Մարդիկ պայմանավորվել են, ասել են՝ գազի գինը մի թանկացրեք, մենք հետո մեր գույքով կտանք։ Դա ակնհայտ է, բայց ես դա թղթով չեմ կարող ապացուցել»։ Փոխարենը հեշտ է ապացուցել, թե ինչպես է ձեւավորվել Հայռուսգազարդի 300 միլիոն դոլարի պարտքը, որի արդյունքում ռուսներին զիջեցինք հայկական այդ ընկերության մեզ պատկանող վերջին 20 տոկոսը. «300 միլիոնը կարող ես հոդվածներով, հարցազրույցներով, տրամաբանությամբ բերել կապել, որ պայմանավորվածություն է եղել»։ Արամ Մանուկյանը համոզվել է, որ 3 տարի մենք գրեթե օգտագործված գազի պարտք չենք մուծել, փոխարենը պայմանավորվածությամբ այդ ընթացքում ռուսները մեր գազը չեն անջատել։ Այդ ընթացքում մինչ պարտք է ձեւավորվել, իշխանությունն ասել է, որ բանակցում ենք, որպեսզի սակագինը չբարձրանա։ Չվճարված պարտքը դարձել է գույք. «Ինչը ռուսներին ձեռնտու էր, իրենք ավելի շատ ստացան, քան այն մուծումը, որը պետք է անեին»։ Հանցագործությունն ակնհայտ է, բայց սրանց փաստաթղթավորումը՝ ոչ, պարոն Մանուկյանը չգիտի՝ կարող է իր իմացածի հիման վրա դիմել դատախազություն։ Հայտնի է սակայն մեկ այլ բան՝ չկա այն անձը կամ կազմակերպությունը, որը որոշել է, որ ռուսական գազի դիմաց մեր պարտքը հենց այնքան է, որքան Հայռուսգազարդի պետական բաժնեմաս համարվող 20 տոկոսը. «6 ամիս ես խորհրդարանում հարցրել եմ՝ տվեք էն կազմակերպության անունը, որ մեր սեփականությունը գնահատել է էդքան էժան։ Չկա էդ կազմակերպությունը»։ Իրականում, ըստ նրա, գնահատել են այնքան, որքան պարտք են ձեւավորել։ Ամենադժվարը սակայն սակագնի ձեւավորման քննությունն է՝ ինչպես է այն 193 դոլարից դարձել 393. «Արդարացված չէ էդ գինը եւ էդ գինը նվազագույն հաշվարկներով եմ ասում, առանց գունավորելու, նվազագույնը 25-30 տոկոսով տեղ կա իջեցնելու»։