Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եզդի կանանց ուղարկում են ստրկության» (տեսանյութ)

Քաղաքականություն
4f63726f77ab4228c97ebb627ec1614b

«Օգոստոսի 2-ից հետո Իրաքի հյուսիսային հատվածում եզդիների վիճակը դարձել է սարսափելի։ Միայն Սինջարի շրջանում 70 գյուղ դատարկվել է»,- այսօր ներկայացրեց եզդիների ազգային միավորման նախագահ Ազիզ Թամոյանը։ Վերջինիս ունեցած տեղեկությունների համաձայն՝ այն հումանիտար օգնությունները, որոնք ուղարկվում են տարբեր երկրների կողմից, եզդիներին չեն հասնում։ Ազիզ Թամոյանի համար հատկապես զարմանալի է այն փաստը, որ երեկ Անգլիան մի քանի բեռնատար ինքնաթիռով զենք է հանձնել քրդերին։ Բանախոսը տարօրինակ է համարում նաև եզդիների նկատմամբ իրագործվող ցեղասպանության առթիվ միջազգային հանրության լռությունն ու անտարբերությունը։ «Նրանց համար ձեռնտու է ամենահին ազգերից մեկի՝ եզդիների բնաջնջումը»,-շեշտեց նա, հավելով, որ ԱՄՆ-ն 300 հոգանոց զորք է ուղարկել Իրաքի եզդիաբնակ շրջաններ, իսկ պետքարտուղար Ջոն Քերին էլ միայն երեկ է գնացել Իրաք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր հերթին հայտարարել է, որ սա երկարատև պատերազմ է, և միայն երեք տարվա ընթացքում նրանք կկարողանան այդ հարցը կարգավորել։ Ազիզ Թամոյանն այն կարծիքին է, որ այս հարցը կարելի կարգավորել ընդամենը մի քանի օրվա ընթացքում, եթե ամերիկյան բանակը աջակցի իրենց, կամ զենք ու զինամթերք տրամադրվի եզդիներին ՝ ինքնապաշտպանության համար։ Բանախոսը շեշտեց, որ այժմ շուրջ 1700 կին գտնվում է գերության մեջ, իսկ եզդի կանացից ու երեխաներից մեծ մասն էլ ստրկության նպատակով ուղարկվել է Սիրիա, Թուրքիա և այլ երկրներ։ «Ա1+» -ի լրագրողի հետ զրույցում եզդիների հոգեւոր առաջնորդ, շեյխ Հասան Բրոյանը տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ Անգլիայի իշխանությունները քաջատեղյակ լինելով եզդի ժողովրդի անզեն և անօգնական լինելու փաստին՝ օժանդակում են իսլամիստ ահաբեկիչներին և մեծածավալ խմբաքանակով զենք են ուղարկում Քուրդիստան. «Երկու օր առաջ Մուսուլի շրջանում մեր եզդիական ջոկատներին հաջողվել է ետ վերցնել 7 գյուղ, որտեղի բնակչությունը, սակայն, արդեն գերեվարված կամ սպանված է եղել»։ Նշենք նաև, որ այսօր Ազատության հրապարակից մեկնարկելու է ջահերով երթ՝ ի պաշտպանություն Իրաքի եզդիների։