ԱՌՆԵՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Այբ-Ֆե» թերթի նյութերից
Առնետները բոլոր խոշոր քաղաքների հիմնական հոգսերից են, նաեւ` Երեւանի:
Առնետի մեկ զույգը ամեն տարի 50-100 ձագ է ծնում: Առնետները վտանգ են ներկայացնում թե՛ տնտեսության, թե՛ յուրաքանչյուր մարդու կենցաղի եւ առողջության համար: Այսօր Երեւանում կան բազմաթիվ շենքեր, որոնց հիմքերը վտանգված են կրծած բետոնից: Բացի այդ, ամեն տարի առնետների «քրտնաջան աշխատանքի» շնորհիվ, շարքից դուրս են գալիս բազմաթիվ էլեկտրական մալուխներ:
Այսօր, իհարկե, ամեն փողոցում չես հանդիպի առնետի, սակայն բազմաթիվ բնակիչներ հաճախակի են բողոքում, որ այս կամ այն շենքում առնետներ են նկատվում: Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել, երբ, օրինակ, շենքի մուտքում նկատվեց առնետը: «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Մելս Պողոսյանի խոսքերով, իրենց ծառայությունը բարեխիղճ աշխատանք է տանում առնետների դեմ պայքարելու հարցում: Ըստ նրա, գլխավոր խնդիրն այն է, որ որոշ թաղապետարաններ պարզապես անտարբեր են վերաբերվում առնետների դեմ պայքարի հարցին: Պարոն Պողոսյանի հավաստմամբ, յուրաքանչյուր շենք պետք է պայմանագիր կնքի ախտահանման կենտրոնի հետ, իսկ եթե շենքը պատկանում է թաղապետարանին, ապա պայմանգիրը պետք է կնքի թաղապետարանը: Ըստ այդմ, յուրաքանչյուր շենքի համար «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ին վճարվում է 3000-5000 դրամ: «Կենտրոն» թաղապետարանը, օրինակ, 3000 դրամի պատճառով չի կնքել պայմանագիրը, որի պատճառով բնակիչներին մեծ անհագստություն պատճառող առնետները պարզապես մարդկանց հետ ազատ ապրելու իրավունք են ստացել: Պարոն Պողոսյանի կարծիքով, այդ իսկ պատճառով էլ բազմաթիվ են առնետների դեմ պայքարող այսպես կոչված` կամավորները. «Պատահական մարդիկ, ընդամենը 300 դրամով առաջարկում են բնակիչներին առնետների դեմ թույնը, որը անհրաժեշտ ազդեցություն չի ունենա»: Պողոսյանի հավաստմամբ, այսօր առնետների դեմ գրավչանյութը պատրաստվում է միայն իրենց կենտրոնում: ՓԲԸ-ն նյութը ստանում է ուրիշ պետություններից, իսկ մշակումները կատարվում են իրենց փակ լաբորատորիայում, մշակումից հետո նյութը կոչվում է գրավչանյութ: Առնետների դեմ նյութը ներկրում է յուղատնտեսության նախարարությունը: Պարոն Պողոսյանի կարծիքով, այդ թույնը ինչ-ինչ ճանապարհներով հասնում է ոչ թե իրենց կենտրոն, այլ ամեն մի պատահական մարդու, մինչդեռ թույնը, ստանալուց հետո, պետք է մանրակրկիտ մշակվի: «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ 80 մասնագետներ` բժիշկներ, բիոլոգներ, ամիսը չորս անգամ սպասարկում են պայմանագիր կնքած շենքերը, իսկ ինչ վերաբերում է ոչ բնակելի տարածքներին, ապա դրանք յուղատնտեսության նախարարության հսկողության տակ պետք է լինեն.«Այսօր գյուղերում սարսափելի վիճակ է` առնետները ոչնչացնում են ցորենի դաշտերը, յուղատնտեսության նախարարությունը պետք է մտածի այս մասին»: Պարոն Պողոսյանի հավաստմամբ, իրենց կենտրոնը հիմա օգտագործում է նոր տեխնոլոգիաներով պատրաստված, ոչ սուր ազդեցություն ունեցող թույն. «Առնետները շատ խելացի եւ խորամանկ կենդանիներ են, իրենք միանգամից չեն մոտենում թույնին, այլ այն փորձարկում են ամենատարեց առնետի վրա: Երբ առնետը փորձում է թույնը եւ սատկում, առնետների ոհմակը մեծ ճիչով հեռանում է տվյալ տեղից, այդ ճիչը իմաց է տալիս ուրիշ առնետներին, որ այստեղ վտանգ կա: Այդ իսկ պատճառով այսօր մշակվում են հատուկ գրավչաթույներ, որոնք փորձելիս առնետը սատկում է 6-7 օր հետո, եւ առնետները կարծում են, որ իրենց ցեղակիցը սատկեց ծերությունից»: Պարոն Պողոսյանը կոչ արեց բնակչությանը, որ իրենք ուշադիր լինեն առողջության նկատմամբ, ժամանակին կնքեն իրենց կենտրոնի հետ պայմանգրեր, քանի որ առնետները մեծ վտանգ են ներկայացնում ծանր ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հարցում:
ՀԱՍՄԻԿ ԲԱԿՈՒՆՑ