Սահմանամերձ Բերդ քաղաքում՝ նոր մարզահրապարակ
Սահմանամերձ Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում այսօր իսկական տոն էր՝ դպրոցի աշակերտներն արդեն ունեն մարզահրապարակ: Դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանի խոսքով այն գեղեցիկ նվեր է ոչ միայն դպրոցի, այլեւ համայնքի երեխաների համար: Մարզահրապարակը կառուցվել է Հայ օգնության ֆոնդի բարեգործական կազմակերպության աջակցությամբ՝ տեր եւ տիկին Մամիկոնյանների նվիրատվության շնորհիվ: Դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց ինչպես ՀՕՖ-ին, այնպես էլ այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մարզահրապարակի կառուցման գործում: Գեներալ Մուրադ Սարգսյանը հույս է հայտնում, որ երեխաները այստեղ կոփվելուց և մարզվելուց զատ, նաև լավ կսովորեն և իրենց հայրենիքի արժանի զավակը և պաշտպանը կդառնան :Իհարկե, մեծ էր նաև դպրոցի աշակերտների ոգեւորությանը, նրանք ողջույնի խոսքերով ընդունեցին ներկաներին, և խոստացան էլ ավելի լավ սովորել: Իսկ չորրորդ դասարանի աշակերտուհի Լիուլի Մարդանյանն արդեն պատրաստվում է նորաբաց մարզահրապարակում անցկացնել ֆիզկուլտուրայի դասերը. «Ես շատ ուրախ եմ, որ արդեն ունենք այսպիսի մարզահրապարակ և շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդանց, ովքեր աշխատել են մեզ համար և մեզ նվիրել այս գեղեցիկ մարզահրապարակը»: