Պարզվեց՝ ոստիկանն էլ էր հարվածել
2014 թվականի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ և սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս: Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և հաջորդ օրը ձերբակալվել է Նարեկ Պ.-ն: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Պետրոս Կ.-ն էլ իր հերթին է հարվածել Նարեկ Պ.-ին` առողջությանը պատճառելով թեթև վնաս: Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ