Ազատություն քաղբանտարկյալներին. ակցիա (տեսանյութ)
Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ակցիայի մասնակիցների հրապարակած տվյալների համաձայն, մեր երկրում քաղբանտարկյալների թիվը մոտ է երկու տասնյակին, որոնց թվում են Շանթ Հարությունյանն ու իր ընկերները և Վոլոդիա Ավետիսյանը: Ազատության հրապարակում է նաև Շանթ Հարությունյանի կինը և որդին` Շահեն Հարությունյանը: Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցած Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ անչափահաս Շահենին դատախազը պահանջեց ազատազրկել 5 տարի ժամկետով; «Ա1+»-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը ասաց, որ չի զղջում իր արարքների համար` պարզապես պաշտպանել է հորը. «Եթե ևս մեկ անգամ, լիներ միջադեպը, ես նույնկերպ կվարվեի: Կարծում եմ, որ իշխանությունները այս քայլին դիմելով փորձում են ճնշել երիտասարդներին, որպեսզի նրանք անգամ իրենց ընտանիքի անդամներին չկարողանան պաշտպանել, վախենալով դատավճռից»: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են իրազեկման երթ անցկացնել կենտրոնի փողոցներում։